Այսօր՝ ողջ օրվա ընթացքում, հակառակորդն Արցախի ողջ սահմանի երկայնքով շարունակել է հարձակողական գործողությունները բոլոր ուղղություններով։ Ակտիվ են եղել ինչպես հյուսիսային, այնպես էլ կենտրոնական և հարավային ուղղությունները։ Այս մասին ասուլիսին նշեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Կենտրոնական ուղղությամբ մարտական գործողություններ են ընթացել կոնկրետ բնակավայրերի ուղղությամբ։ Այդ օջախային մարտերը, որոնք իրենցից ներկայացնում են տարբեր դիվերսիոն խմբերի ներթափանցումներ փոքր բնակավայրեր և ճանապարհային, հանգուցային կետեր, այս պահին էլ շարունակվում են։
Հարավում՝ տարբեր կետերում, տարբեր օջախային հատվածներում, հակառակորդի տարբեր զորախմբերը փորձել են առաջխաղացում ապահովել ինչպես դեպի արևմուտք, այնպես էլ դեպի հյուսիս և հյուսիս-արևմուտք։
Առաջխաղացման բոլոր փորձերը կասեցվել են, որոշ տեղերում հետ են շպրտվել՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ, այդ թվում՝ զրահատեխնիկայի կորուստներ»,- նշեց նա։
«Ադրբեջանի ԶՈՒ-ի դիվերսիոն տարբեր խմբեր ներթափանցում են մերձռազմաճակատային գոտու տարբեր բնակավայրեր և կարողանում են խուճապի մատնել, շատ հաճախ ընդամենը նկարվելու համար, երբեմն բնակավայրերում տներ են այրում, ստեղծում են անկանոն իրավիճակ։ Խնդրում եմ նման իրավիճակներում լինել սթափ, զգոն և հատկապեա ՏԻՄ-երին, որոնք ԶՈՒ-ի, պահեստազորի, ստորաբաժանումների հետ համագործակցում են, չտրվել խուճապի, լինել կազմակերպված։ Հակառակորդի այդ խմբավորումները շատ փոքր են լինում և մեկ գրագետ հակահարվածից, հակագրոհից հետո փախչում են տվյալ բնակավայրերից և երկար ժամանակ չեն վերադառնում։ Դրա ամենավառ վկայությունները Հադրութը և Ֆիզուլին են»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը։
Անդրադառնալով ՌԴ նախագահի՝ երկու կողմերից 5000 զոհ ունենալու մասին հայտարարությանը՝ Արծրուն Հովհաննիսյանը նշեց․ «ՌԴ նախագահի կողմից ընդհանրական թվեր են տրվել զոհերի մասին։ Միանշանակ հակառակորդը ունի մի քանի անգամ ավել զոհեր․ դա բացարձակ ճշմարտություն է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը