19 08 2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է մի խումբ մտավորականների հետ



Հանդիպման սկզբում նախագահ Սարգսյանն ասել է, որ ակնկալում է պարզ մարդկային զրույց՝ լսելու անկաշկանդ ու ոչ պաշտոնական կարծիքներ։ «Եթե մտքեր կամ խորհուրդներ ունեք, ուրախ կլինեմ լսել,-ասել է նախագահը։- Ինձ շատ բաներ են անհանգստացնում։ Օրինակ, մտավորականության մասնակցությամբ հանրային քննարկումների պակասը»,- մասնավորապես նշել է Հանրապետության նախագահը։ «Հանրային, ազատ մտածող մարդկանց քննարկումների բացակայություն կա, մարդկանց, որոնք ոչ միայն ի պաշտոնե են ազատ, այլ նաև ոգով,- ասել է նախագահ Սարգսյանը։- Կա մեկ ուրիշ գործոն ևս, որն ինձ անհանգստացնում է։ Հաճախ հանրության մեջ մի շարք երևույթների, գործընթացների շատ մակերեսային ենք մոտենում։ Եթե հետևում ես մամուլին, վերլուծական նյութերին, մեկնաբանություններին, ելույթներին, հազվադեպ կարելի է գտնել խորը մեկնաբանություններ։ Հիմնական քննարկումները զգացական, էմոցիոնալ են, հենված վերնագրի վրա։ Այսինքն՝ կարդում են վերնագիրը և հետո սկսում մեկնաբանել, իսկ թե վերնագրից ներքև, բուն նյութն ինչի մասին է, չեն կարդում։

 Ընդհանրապես, ամեն ինչի մասին վերնագրային կամ մակերեսային քննարկման սինդրոմ եմ տեսնում, որը շատ ցավալի է։

 Կա մեկ այլ գործոն, որն ինձ անհանգստացնում է և կապված է ձևացնելու հետ, երբ ձևացնում ենք, թե ինչ-որ բան ունենք։ Կարող եմ պարզ օրինակ բերել՝ ձևացնում ենք, թե մենք մեր երկրում ունենք զարգացած տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ։ Տաղանդավոր երիտասարդներ, նախկին Խորհրդային Միությունից դեռևս մնացած մաթեմատիկայի, ֆիզիկայի, բնական գիտությունների ոլորտում ավանդույթներ, մարդիկ ունենալը մի բան է, կայացած ոլորտ՝ մեկ այլ։ Այսօր ասել, որ մենք ունենք զարգացած ՏՏ ոլորտ, ձևացնել է։ Այսօր ունենք մոտ 20 հազար մարդ, որոնք այդ ոլորտում են աշխատում։ Նրանցից ծրագրավորումով զբաղվում է ընդամենը 5-6 հազար մարդ․․․ Չենք կարող դեպի ապագա գնալ 20 հազար պարզ ինժեներով, որոնցից 5-6 հազարն է ծրագրավորող»:

 Կարևորելով նման հանդիպումները' Հանրապետության նախագահի հյուրերը՝ գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը, գրականագետ Դավիթ Գասպարյանը, նկարիչ Սամվել Սևադան, բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը, լրագրող Էդիկ Անդրեասյանը, գրող, «Գրական թերթի» խմբագիր Կարինե Խոդիկյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, բարձրացրել են մտահոգող մի շարք հարցեր, ներկայացրել իրենց տեսակետները: Արձանագրելով, որ աշխարհն ապրում է անհանգիստ և փորձությունների ժամանակներ, որպես մարտահրավերներին դիմակայելու և հաղթահարելու կարևոր նախապայմաններ նշվել են ազգային համաձայնությունն ու միասնականությունը, որի առանցքը կարող են լինել առաջին հերթին բանակը և մշակույթը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ