23 07 2020

ՀՀ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի նախագահի հետ

ՀՀ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի նախագահի հետ

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նախագահ Մատարելլային՝ ծննդյան օրվա առթիվ եւ փոխանցել իր լավագույն մաղթանքները:

Ջերմ զրույցի ընթացքում նախագահներն անդրադարձել են երկկողմ հարաբերություններին՝ արձանագրելով դրանց բարձր մակարդակն ու զարգացման մեծ ներուժը: Նախագահները համակարծիք են եղել, որ նախագահ Սարգսյանի՝ աշնանն Իտալիա նախատեսվող պետական այցը նոր թափ կհաղորդի հայ-իտալական բազմաբնույթ հարաբերություններին, որոնց հաստատումը երկու ժողովուրդների եւ երկրների սերտ ու վաղեմի առնչություններն են եւ երկու նախագահների անձնական ջերմ բարեկամությունը:

Նշելով, որ մշակույթը լավագույնս է միացնում Հայաստանն ու Իտալիան՝ երկու երկրների նախագահները կարեւորել են առաջիկա սեպտեմբերին Երեւանում եւ Հռոմում՝ Հայաստանի եւ Իտալիայի նախագահների նստավայրերում նախատեսվող՝ հայ գեղանկարչությանն եւ Վենետիկին նվիրված ցուցադրությունները:

Նախագահները մտքեր են փոխանակել նաեւ երկու երկրներում կորոնավիրուսային համավարակի հետ կապված իրավիճակի եւ դրա հաղթահարման վերաբերյալ: Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել իտալացի իր գործընկերոջը՝ համավարակի դեմ պայքարում Հայաստանին ցուցաբերած օգնության համար՝ նշելով, որ վերջերս հանդիպել է իտալացի բուժաշխատողների թիմին, ովքեր եկել էին աջակցելու իրենց հայ գործընկերներին եւ փոխանցելու համավարակի դեմ պայքարի իրենց փորձը: Նախագահ Սարգսյանը ընդգծել է, որ այդ աջակցության գործում մեծ է նաեւ նախագահ Մատարելլայի անձնական ավանդը, եւ վստահություն է հայտնել, որ միայն համատեղ ջանքերով հնարավոր կլինի հաղթահարել համավարակը եւ վերադառնալ բնականոն կյանքի: Նախագահ Մատարելլան իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի նախագահի զորակցությունն Իտալիայի համար ծանր օրերին:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ