03 07 2020

ՀՀ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ

ՀՀ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 2-ի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։

Նախագահ Սարգսյանը Բելառուսի գործընկերոջը ջերմորեն շնորհավորել է հուլիսի 3-ին նշվող երկրի ազգային տոնի՝ Բելառուսի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:

Հայաստանի նախագահը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ զարգացող փոխգործողությունն ու արդյունավետ համագործակցությունը քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում։

Նախագահ Արմեն Սարգսյանը կարեւորել է Բելառուսի փորձը բարձր տեխնոլոգիաների եւ տնտեսության մի շարք այլ ոլորտներում։

Նախագահները մտքեր են փոխանակել համագործակցության հեռանկարների, համատեղ ծրագրերի իրականացման հարցերի շուրջ։

Հայաստանի նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Մինսկում հայկական եկեղեցու կառուցման համար հողատարածք տրամադրելու հարցում աջակցության համար։

Իր շնորհավորանքներն ու լավագույն բարեմաղթանքները հղելով Բելառուսի ազգային տոնի առթիվ՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է. «Հայ եւ բելառուս ժողովուրդներին միացնում են դարավոր բարեկամության, հարգանքի եւ փոխըմբռնման սերտ կապերը:

Վստահ եմ, որ հայ-բելառուսական բազմակողմանի համագործակցությունն այսուհետ եւս կշարունակի հաջողությամբ զարգանալ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով՝ ի շահ մեր երկրների ժողովուրդների»:

Հայաստանի նախագահն Ալեքսանդր Լուկաշենկոյին մաղթել է քաջառողջություն եւ հաջողություններ, իսկ Բելառուսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն եւ բարգավաճում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ