Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 9-ին շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի առթիվ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի գրասենյակից։
Ուղերձում ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի թանկագի՛ն վետերաններ,
Պաշտպանության բանակի հարգարժա՛ն գեներալներ, սպաներ, զինվորներ,
Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի առթիվ:
Այսօր տոն է յուրաքանչյուրիս ընտանիքում, մեր ամենանվիրական տոներից մեկը, որը սրբագործվել է հայ ժողովրդի տարբեր սերունդների խիզախությամբ ու անձնազոհությամբ:
Տասնամյակներ շարունակ մենք մեծագույն խանդավառությամբ ու ցնծությամբ տոգորված տոնում էինք Մայիսի 9-ը, տոնում և խորին հպարտությամբ մեծարում էինք մեր պապերին ու հայրերին, ովքեր Խորհրդային Միության ժողովուրդների հետ միասին կերտեցին Մեծ Հաղթանակը: Նրանք մեզ համար անիրական կերպարներ էին, հերոսության տիպար, ում օրինակով հետագայում պիտի զենք վերցնեինք ու կռեինք մեր բաժին հաղթանակը, գրեինք պատմության մեր էջը: Իսկ այդ էջը հերոսական է ու փառավոր:
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծումը և Շուշիի ազատագրումը եռապատկեցին այդ տոնի բերկրանքը՝ դառնալով համայն հայության մեծագույն հաղթանակը, բազմահազար քաջ հայորդիների ոգու, մտքի ու բազկի հաղթանակը: Մենք ապացուցեցինք մեզ և աշխարհին, որ կարող ենք կռվել մինչև վերջին շունչը և պաշտպանել հող հայրենին, կարող ենք հառնել փլատակներից և կերտել պետություն, միջազգային նորմերին ու չափանիշներին համապատասխան, ազատ, անկախ ու ժողովրդավարական պետություն:
Մեր ժողովրդի հերոսական ավանդույթների շարունակողն այսօր երիտասարդ սերունդն է՝ հայրենասեր, կիրթ, խիզախ ու պատվախնդիր: Նրանք լավ գիտեն իրենց հայրերի ու պապերի արյամբ ձեռք բերված հաղթանակի գինը և այն պահում են աչքի լույսի պես:
Թանկագի՛ն բարեկամներ,
Այս տոնական օրը մենք նախ և առաջ հիշում ենք հայրենիքի համար զոհված մեր բոլոր հերոսներին, գլուխ ենք խոնարհում նրանց անմահ հիշատակի առջև: Մեր պարտքն է՝ իրականություն դարձնել նրանց իղձերն ու նպատակները, կառուցել հզոր, անվտանգ ու զարգացած երկիր:
Կեցցե՛ մեր հերոսական բանակը:
Փա՛ռք ու պատիվ հայրենիքի նվիրյալներին:
Փա՛ռք ու պատիվ հայ ժողովրդին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը