Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է «Աշխարհը համավարակից հետո․ տրանսֆորմացիայի սցենարներ» թեմայով առցանց վեբինարին, որը նախաձեռնել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST)՝ համագործակցելով Futures Studio քննարկումների հարթակի հետ։
Վեբինարները, որոնց մասնակցում են պետական գործիչներ, տարբեր ոլորտների առաջատար մասնագետներ և փորձագետներ, հնարավորություն են տալիս բաց քննարկում ծավալել՝ արդյունավետ լուծումներ գտնելու տարբեր իրավիճակների, տվյալ դեպքում՝ COVID-19 համավարակով պայմանավորված իրավիճակի հաղթահարման համար։
FAST հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը նշել է, որ օգտակար է լսել թե՛ գիտական, թե՛ դիվանագիտական և միջազգային համագործակցության ոլորտներում մեծ փորձ ունեցող նախագահ Արմեն Սարգսյանի տեսակետն ու մոտեցումները համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակի և դրա հաղթահարման լուծումների վերաբերյալ։
Իր խոսքում նախագահ Սարգսյանը նախ մեկ անգամ ևս բոլորին հորդորել է ամենայն լրջությամբ մոտենալ իրավիճակին. «Հիշեք, որ կորոնավիրուսը դեռ չի անհետացել, այն դեռ գոյություն ունի և շատ վտանգավոր է, չափազանց վտանգավոր՝ խոցելի անձանց համար: Խնդրում եմ՝ լրջությամբ վերաբերվեք այս խնդրին: Այդ լրջությունն անհրաժեշտ կլինի ոչ թե մեկ կամ երկու շաբաթվա, այլ՝ շատ ավելի երկար ժամանակահատվածի համար: Հետևաբար, կարգապահությունը շատ կարևոր է»:
Նախագահը նշել է, որ համավարակը ոչ միայն առողջապահական է, այլև շատ ավելի բարդ խնդիր է: Նա հիշատակել է 12-րդ դարում Եգիպտոսի և Սիրիայի առաջին սուլթան Սալահ ադ-Դինի կողմից Երուսաղեմը նվաճելու պատմական դրվագը՝ վկայակոչելով սուլթանի այն խոսքը, թե՝ Երուսաղեմի գրավումն իր համար ոչինչ է, բայց միևնույն ժամանակ՝ ամեն ինչ. «Ի՞նչ է այս կորոնավիրուսը՝ ևս մեկ վարակ, սկզբունքորեն ոչինչ, բայց այն ձեռք է բերել համաշխարհային նշանակություն: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ: Այն հատուկ վարակ է, սակայն ընդամենը վարակ է, այսինքն՝ ոչ մի բան, բայց, միևնույն ժամանակ, փոխել է աշխարհը: Այս վարակը ոչ մի բանից դարձել է ամեն ինչ: Շատ կարճ ժամանակահատվածում ամեն ինչ փոխվել է: Այն հսկայական ազդեցություն ունի ամբողջ աշխարհի տնտեսության, մշակույթի վրա, մեծ ազդեցություն ունի մեր հետագա պլանների վրա»:
Նախագահն ասել է, որ աշխարհը փոխվելու էր՝ անկախ նրանից, կորոնավիրուս կլիներ, թե ոչ։ «Կորոնավիրուսը փոփոխման պատճառը չէ, ընդամենը փոփոխության հետևանք է: Շատ կարևոր է հասկանալ, որ կորոնավիրուսն այս ծավալների հասել է, որովհետև մե՛նք էինք փոխվել: Կորոնավիրուսն ընդամենը հիշեցում է, սառը ցնցուղ կամ ուղերձ Աստծուց, որ ինչ-որ բան այս մոլորակի վրա սխալ էր, և դա պետք է լրջորեն վերլուծել բոլոր հարթություններում: Ուղերձն այն է, որ աշխարհն այլևս նույնը չի լինելու,-նշել է Արմեն Սարգսյանը:- Եթե փորձենք գիտնականի աչքերով նայել, ապա սա ընդամենը փորձարկում է: Սա մարդկային լինելու փորձություն է: Սա փորձություն է մշակույթի, բիզնեսի համար: Սա փորձություն է կարիքավորների, կառավարությունների համար, միջպետական հարաբերությունների տեսանկյունից: Այս փորձությունը շարունակվելու է, և իմ եզրակացությունն այն է, որ աշխարհը փոխվել է, և եթե ցանկանում ենք հաջողել, ապա պետք է փոխվենք նաև ինքներս»:
Պատասխանելով համավարակից հետո տնտեսությունների վերականգնմանը վերաբերող հարցին՝ նախագահը նշել է, որ համավարակն, անշուշտ, խոչընդոտելու է առաջ շարժվելուն, բայց վերականգնումից հետո մեր մոտեցումները բնության, բիզնես գործունեություն ծավալելու, առողջապահական համակարգի և մյուս ոլորտներում պետք է այլ լինեն: «Երբ կորոնավիրուսը հասավ Հայաստան, և կառավարությունը սահմանափակումների միջոցառումներ ձեռնարկեց, արդյունքում՝ Երևանում մեքենաների քանակը նվազեց, օդի որակը փոխվեց, Երևանը հինգ անգամ մեծացավ, որովհետև օդի աղտոտվածությունը պակասեց։ Մենք աղտոտված օդ էինք շնչում, հնարավոր է՝ ոչ առողջ սնունդ էինք օգտագործում, ներդրում էինք կատարում անառողջ տնտեսության մեջ,-ասել է նախագահ Սարգսյանը:- Իմ եզրակացությունն այն է, որ ժամանակն է տեսնել այս փորձության արդյունքները, ճիշտ ժամանակն է լրջորեն մտածել, թե որտեղ պետք է ներդրում անել, որովհետև համավարակներ կրկին կլինեն, հնարավոր է՝ այլ ձևով և անվանմամբ: Եթե մենք պետական կառույցների, գիտական հանրության, գործնական մակարդակներով կրկին պատրաստ չլինենք, ապա այդ անգամ արդեն հազարավոր, գուցե միլիոնավոր կյանքներ կորցնենք, չենք կարողանա հասկանալ, թե դեպի ուր ենք գնում։ Ուստի, մենք պետք է այս համավարակից դասեր քաղենք»։
Խոսելով համավարակից հետո ինչպես համաշխարհային, այնպես էլ ազգային մակարդակով սպասվող հիմնարար փոփոխությունների մասին՝ նախագահը նկատել է, որ բազմաթիվ գլոբալ ռիսկեր, ներառյալ համավարակները, քվանտային, ոչ դասական վարքագիծ են դրսևորում։ Նա նշել է, որ կորոնավիրուսով կամ առանց դրա, աշխարհը շատ մեծ արագությամբ շարժվում է փոփոխությունների ճանապարհով։ «Փոփոխությունների առումով Հայաստանում մենք պետք է մտածենք մի քանի ոլորտների մասին։ Հայաստանի նման երկիրը կարիք կունենա ստեղծել աշխատանքային խումբ, որը պետք է ուսումնասիրի Հայաստանում ներդրումների խթանումը,-նշել է նա։- Համավարակից հետո, մարդիկ կփորձեն փնտրել նոր, հետաքրքիր զբաղմունքներ, ոլորտներ։ Այն բոլոր գաղափարները, որ առաջացել էին մինչև կորոնավիրուսը, քիչ-քիչ անհետանում են, իսկ նոր աշխարհի համար շատ կարևոր է հաղորդակցվել, անընդհատ կապը պահպանել և ասել, թե ով ենք մենք, և ինչու պետք է մարդիկ ներդրում կատարեն Հայաստանում։ Այդ պատճառով ես դա անվանում եմ արագ ներդրումային կամ ներդրումները խթանող աշխատանքային խումբ, որը երկկողմ է աշխատելու: Այսինքն՝ մի կողմից լինելու է մի կառույց, որը դասական ընթացակարգերով կխթանի ներդրումները երկրում, աշխարհին կգովազդի Հայաստանը, մյուս կողմից՝ այդ կառույցը հայկական սկսնակ ընկերություններին պետք է օգնի։ Ամբողջ աշխարհն այդ կազմակերպության ջանքերի միջոցով պետք է ծանոթանա Հայաստանին»։
Ինչ վերաբերում է կոնկրետ ոլորտների զարգացմանը՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ կորոնավիրուսից հետո պետք է ավելի ջանասիրաբար աշխատել էլեկտրոնային կառավարման ներդրման ոլորտում. «Այն երկրները, որոնք հաջողությամբ կարողացել են խթանել, կիրառել, ներդնել էլեկտրոնային կառավարման գործիքները, շատ ավելի ուժեղ և դիմադրող են։ Լավ օրինակ է Սինգապուրը։ Այդ երկրում մինչև կորոնավիրուսը մոտ 20 հազար աշխատող տնից էր աշխատում, և համավարակի ժամանակ մարդիկ արդեն իսկ պատրաստ էին ապագա ռիսկերին դիմակայելուն, նրանց համար տնից աշխատելու մեջ որևէ արտասովոր բան չկար։ Էլեկտրոնային կառավարումը չափազանց կարևոր է։ Այն ոչ միայն միջավայր, գործիքներ ստեղծելու մասին է, այլև վերաբերում է տեղեկատվական տեխնոլոգիաների խթանմանը։ Էլեկտրոնային կառավարումը խթանելով՝ նպաստում ենք տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը, իսկ վերջինիս առավելագույն զարգացման մակարդակն արհեստական բանականությունն է։ Մեծ ջանք է պետք ներդնել Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև մաթեմատիկական մոդելավորման զարգացման համար»։
Արմեն Սարգսյանն անհրաժեշտ է համարել շատ ավելի լրջորեն կանխորոշել առաջնահերթությունները, որոնք կվերաբերեն պարենային անվտանգությանը, տեղեկատվական տեխնոլոգիաների, կենսաբանական տեխնոլոգիաների ոլորտներին:
Նախագահն ասել է, որ կորոնավիրուսից հետո ինքը վերադառնալու է ATOM նախագահական նախաձեռնությանը, որը միտված է միջազգային կազմակերպություններ Հայաստան բերելուն, արհեստական բանականության զարգացման նպատակով լաբորատորիաներ ստեղծելուն, քանի որ դա ապագայի հիմնարար գործիքն է սննդի արտադրության, գյուղատնտեսության, միջպետական հարաբերությունների, կորոնավիրուսի դեմ պայքարի, կենսաբանական տեխնոլոգիաների զարգացման, առողջապահության և այլ ոլորտներում։ Նախագահի խոսքով՝ գիտությունն ամենահրապուրիչ և հետաքրքիր ոլորտներից մեկն է լինելու ներդրումների, համագործակցության համար: Այն փոխկապակցված է լինելու տեխնոլոգիաների հետ և բոլորին ցույց է տալու ճանապարհը դեպի ապագա:
Նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև FAST-ի համահիմնադիր Նուբար Աֆեյանի Moderna Therapeutics դեղագործական ընկերությանը, որը նախատեսում է արագացնել կորոնավիրուսի դեմ պոտենցիալ պատվաստանյութի արտադրությունը: Գոհունակություն հայտնելով, որ մեր հայրենակիցը գիտական հայտնագործության առաջնագծում է, նախագահը կարևորել է սփյուռքի մեր հայրենակիցների, գիտական հանրույթի հետ մեր կապերի վերականգնումն ու հաստատումը: «Հայերը՝ այն նույն պրոֆեսորները, որոնք ժամանակին աշխատել են Գիտությունների ակադեմիայում կամ որոնց հետո մենք համագործակցել ենք, աշխատում են, օրինակ, Ռուսաստանի գիտական կենտրոններում: Մենք պետք է օգտագործենք այդ կապը,- ասել է Արմեն Սարգսյանը:- Տարիներով մենք սերտ համագործակցություն ենք ունեցել, օրինակ, «Ռոսատոմ»-ի հետ: Ինչու՞ չենք կարողացել խորացնել համագործակցությունը և գիտահետազոտական աշխատանքը մասնավորապես ատոմային էներգետիկայի ոլորտում այն մարդկանց հետ, ում տարիներով ճանաչում ենք: Որովհետև մենք ֆիզիկապես ապրում ենք 21-րդ դարում, սակայն մտածում էինք 20-րդ տարի կատեգորիաներով՝ ավելի դանդաղ: Այսինքն, այս վիճակը պետք է խթան հանդիսանա, որ վաղը հեռախոսը վերցնենք և զանգահարենք մեր հայրենակիցներին: Մենք՝ որպես պետություն, պետք է առաջնորդենք այդ գործընթացը, բոլորին մեկտեղենք, ցույց տանք հայ լինելու ուժը: Փոքր պետություն, բայց համաշխարհային ազգ. սրանք պարզապես գեղեցիկ խոսքեր չեն: Սա բանաձև է, որը պետք է կիրառել»:
Նոր, փոփոխվող աշխարհում նախագահը կարևորել է ուժերի համախմբումը՝ ընդգծելով, որ միասնական ջանքերով է հնարավոր արդյունքների հասնել: «Մենք տարիներով օգնել ենք միմյանց։ Ցավոք, ավելի քան 100 տարի առաջ միմյանց օգնում էինք ցեղասպանության պատճառով, օգնում էինք կարիքավորներին, նրանց, ովքեր կորցրել էին ծնողներին, ընտանիքները, հայրենիքը։ Այսինքն՝ մենք շատ լավ գիտենք, թե ինչպես պետք է իրար օգնենք բարեգործական նախաձեռնություններով։ Ես կցանկանայի, որ մեր ջանքերը շատ ավելի համապարփակ լինեն։ Չափազանց կարևոր է, որ սկսենք միասին աշխատելու մասին մտածել։ Սկսենք գործել միասին՝ միավորվելով։ Մենք, որպես հայեր, պետք է վերաձևակերպենք մեր փոխկապակցվածության գաղափարը: Այս նպատակով էր նաև, որ ապրիլի 24-ին հանդես եկա մի գաղափարով, որով ցեղասպանության հուշահամալիրի հարևանությամբ կարող ենք ստեղծել հիշողության այգի՝ «Հայ պարկ», որը կմիավորի ամբողջ աշխարհի հայերին,-ասել է նախագահը:- Մեր կյանքում ամենակարևորն ապագայում է լինելու։ Հետևաբար, եկեք աշխատենք միասին: Ես չեմ սպասելու մինչև այս համավարակը հասնի ավարտին կամ մեղմանա։ Դժվարությունները մեր կյանքում անընդհատ հայտնվում են, դրանց հետ մենք շարունակում ենք ապրել։ Համավարակը, իհարկե, ողբերգական է, մարդիկ են մահանում։ Եկեք շատ լրջորեն վերաբերվենք այս համավարակի դեմ պայքարին, մեծ ջանքեր ներդնենք այդ ուղղությամբ։
Հավատում եմ ապագային։ Վստահ եմ, որ երիտասարդները ոչ միայն տարիքով, այլև ոգով պետք է պատրաստ լինեն ապագային՝ քաղելով այսօրվա դասերը, որոնք մեզ մատուցում են Աստված, բնությունը, կյանքը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը