24 04 2020

Բոլորս պետք է դասեր քաղենք․ Բակո Սահակյանի ուղերձը

Բոլորս պետք է դասեր քաղենք․ Բակո Սահակյանի ուղերձը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 24-ին ուղերձ է հղել Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ:

Ուղերձում նշվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, 

Այսօր Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն է: Եվ այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում մեր անմեղ զոհերի հիշատակին յուրահատուկ պայմաններում: Աշխարհում տարածված նոր կորոնավիրուսի համավարակի պատճառով այս անգամ ամեն տարվա պես մարդաշատ չեն լինի Մեծ Եղեռնի սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող հուշահամալիրները: 

Սակայն, ավելի քան վստահ եմ, որ ամեն մի հայ, աշխարհի որ ծայրում էլ լինի, մտքով վերապրում է մեկ դար առաջ տեղի ունեցած այս սարսափելի ողբերգությունը, սգում է անասելի բռնությունների ու խոշտանգումների ենթարկված, սովի ու կոտորածի մատնված, անհայրենիք ու անօթեւան մնացած մեր քույրերի ու եղբայրների, միլիոնավոր խեղված ճակատագրերի համար: 

Վերապրում ենք խոր ցավով ու կսկիծով, բայց նաեւ հավատով լեցուն, որ այլեւս երբեք չեն կրկնվի նման դաժան ու անմարդկային ոճրագործություններ, եւ ոչ միայն մեր ժողովրդի հետ, այլեւ ամբողջ աշխարհում: 

Իսկ դրան հասնելու ճանապարհը մեկն է. ցեղասպանությունները պետք է անվերապահորեն ճանաչվեն ու դատապարտվեն: Մենք շնորհակալ ենք այն երկրներին, բոլոր այն մարդկանց, ովքեր մեզ հետ են այդ պայքարում:

Սիրելի՛ հայրենակիցներ, 

Մենք բոլորս պետք է դասեր քաղենք պատմությունից, պետք է դասեր քաղենք այսօրվա իրականությունից եւ անենք մեզնից կախված ամեն ինչ՝ օր-օրի ավելի հզոր ու ամուր դարձնելու հայոց պետականությունն ու մայր Հայրենիքը, կուռ ու անսասան պահելու մեր միասնակությունը, անխախտ ու անկասելի՝ հայ ժողովրդի հավերժության ուղին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ