Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 13-15-ը Նիդեռլանդների Թագավորություն նախատեսված պաշտոնական այցը հետաձգվել է: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը՝ ի պատասխան վարչապետի այցի և կառավարության ապրիլի 2-ի նիստում ընդունված որոշման մասին հարցի: Որոշմամբ պահուստային ֆոնդից 6 միլիոն դրամ է հատկացվելու Նիդեռլանդներում Ատոմ Վերակացուի խաչքարի պատրաստման և տեղափոխման աշխատանքների համար:
«Նշված գումարով նախատեսվում է վճարել Ատոմ Վերակացուի խաչքարի կրկնօրինակի պատրաստման արդեն իսկ կատարված աշխատանքների համար: Որոշման ընդունումը պայմանավորված է կատարված աշխատանքների դիմաց վճարելու անհրաժեշտությամբ։ Խաչքարը վարչապետի այցի շրջանակում տեղադրվելու էր Հաագայում գտնվող Խաղաղության պալատի այգում: Հույս ունենք, որ մոտ ապագայում կորոնավիրուսային համաճարակը կհաղթահարվի և վարչապետի՝ Նիդեռլանդներ կատարելիք պաշտոնական այցի շրջանակում խաչքարը կտեղադրվի»,- նշել է Մանե Գևորգյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը