14 12 2019

Արմեն Սարգսյանը մեկնել է Կատարի Պետություն

Արմեն Սարգսյանը մեկնել է Կատարի Պետություն

Աշխատանքային այցով Կատարի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Կատարի Պետության փոխվարչապետ և պաշտպանության նախարար Խալիդ բին Մոհամեդ Ալ Աթիյայի հետ:

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև կապերի ամրապնդմանն ու հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր:

 Նշվել է, որ փոխգործակցության մեծ ներուժ է առկա մի շարք ոլորտներում:

Մասնավորապես անդրադարձ է եղել գիտատեխնոլոգիական և կրթական բնագավառներում համագործակցության հեռանկարներին ու համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին:

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հրավերով Դոհայում ներկա է գտնվել հեղինակավոր «Դոհա ֆորում»-ի բացմանը: Նախատեսվում է նաև նախագահ Սարգսյանի ելույթը ֆորումի լիագումար նիստին:

Հեղինակավոր այս ֆորումը, որը միավորում է աշխարհի քաղաքական ու տնտեսական առաջնորդների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ու փորձագետների, այս տարի անցկացվում է «Կառավարման վերաիմաստավորումը բազմաբևեռ աշխարհում» խորագրով:

Ֆորումի մասնակցների թվում են նաև ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նախագահ Թիջանի Մուհամմադ-Բանդեն, Մալայզիայի վարչապետ Մահաթիր Մոհամադը, Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեն: Աշխարհի տարբեր երկրներից ժամանած մոտ 250 բանախոսներն ու շուրջ 3000 մասնակիցները ֆորումի երկու օրերի ընթացքում քննարկելու են արագ փոփոխվող աշխարհի զարգացման միտումներն ու ժամանակակից պահանջներին համապատասխան՝ կառավարման արդյունավետ համակարգեր ստեղծելու հարցերը:

Ֆորումի գործընկերներն են այնպիսի հեղինակավոր միջազգային կազմակերպություններ, ինչպիսիք են Մյունխենի անվտանգության համաժողովը, Չեթըմ հաուզը, Միջազգային ճգնաժամային խումբը: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ