Դեկտեմբերի 2-ից ընդունվում են ՀՀ նախագահի մրցանակի հայտերը 7 անվանակարգերում: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի մրցանակի տեղեկատվական թիմը:
«Այս տարվա դեկտեմբերի 2-ից մինչեւ հաջորդ տարվա հունվարի 31-ն ընդունվում են ՀՀ նախագահի 2020 թվականի մրցանակի հայտերը նաեւ հետեւյալ 7 անվանակարգերում՝ բժշկագիտություն, բնական գիտություններ, ֆիզիկա, տեխնիկական գիտություններ եւ տեղեկատվական տեխնոլոգիաներ, հումանիտար գիտություններ, գրականություն, արվեստ անվանակարգերում։ Հայոց ցեղասպանության ճանաչմանը բերած ավանդի մրցանակի համար հայտերն ընդունվում են նոյեմբերի 18-ից եւ պետք է դիմել մինչեւ փետրվարի 14-ը, իսկ երիտասարդական մրցանակների համար դիմելու ժամկետների մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն։
7 անվանակարգերում ՀՀ նախագահի մրցանակներն ամեն տարի շնորհվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որոնք տվյալ բնագավառում վերջին երեք տարիներին ի հայտ եկած կամ իրականացված լավագույն ստեղծագործությունների, հայտնագործությունների (գյուտերի) եւ այլ աշխատանքների անհատ հեղինակն են կամ հեղինակային խումբը։ Հայտ չի կարող ներկայացվել մահացած անձի համար։ Մեկ անգամ մրցանակ ստացած անձն իրավունք չունի հետագայում հայտ ներկայացնելու թե´ անհատապես, թե´ հեղինակային խմբի հետ։ Հայտատուն կարող է իր գործը ներկայացնել տվյալ բնագավառում գործող հաստատության կամ այլ անձի միջոցով, ինչպես նաեւ անձամբ:
Այլ մանրամասների, մրցույթի կանոնակարգին, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին ծանոթանալու եւ դիմումի ձեւը ներբեռնելու համար հետեւյալ հասցեով պետք է այցելել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կայքէջ։ Հայտերը հնարավոր է ներկայացնել նաեւ առցանց, բայցեւ պարտադիր է փաթեթի առձեռն ներկայացումը եւս՝ նախապես զանգահարելով «Հայաստան» հիմնադրամի քարտուղարության պետ Աիդա Խաչիկյանին (հեռ.՝ +374-520940; էլ.փոստ՝ [email protected], հասցե՝ Հայաստան, Երեւան 0024, Բաղրամյան 26/1, ՀՀ նախագահի նստավայր): Ովքեր Հայաստանում չեն, փաթեթը կարող են ներկայացնել Հայաստանում գտնվող անձանց միջոցով կամ ուղարկել սովորական փոստով։
ՀՀ նախագահի մրցանակը նախաձեռնել եւ ֆինանսավորում է «Պողոսյան» հիմնադրամը (Բելգիա-Շվեյցարիա)։ Մրցանակակրին շնորհվում է վկայագիր, կրծքանշան եւ 10 հազար դոլարի չափով դրամական պարգեւ: Մրցանակներն ավանդաբար մայիս ամսին ՀՀ նախագահի նստավայրում հանձնում են Հանրապետության նախագահը եւ «Պողոսյան» հիմնադրամի ներկայացուցիչը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը