16 10 2019

Ոստիկանապետի ԺՊ-ն պարգևատրել է սպանված և վիրավորված ոստիկաններին

Ոստիկանապետի ԺՊ-ն պարգևատրել է սպանված և վիրավորված ոստիկաններին

ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով ծառայողական պարտականությունները կատարելիս կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ցուցաբերած անձնազոհության և սխրագործության համար ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, ոստիկանության ավագ Տիգրան Առաքելյանը հետմահու պարգևատրվել է «Սխրագործության համար» մեդալով։Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի մեկ այլ հրամանով ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորված, նույն վաշտի ոստիկան, ոստիկանության կրտսեր սերժանտը պարգևատրվել է «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշանով։

Հիշեցնենք, որ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացրած կարգախմբերից մեկի ոստիկանները «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։  Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք դիմադրել են։ Այդ ընթացքում նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակել ոստիկաններից մեկի վրա, ինչպես նաև ատրճանակի բռնակով հարվածել մյուս ոստիկանին։ Այնուհետև դեպքի վայրից դիմել են փախուստի։ Ստացած հրազենային վնասվածքի հետևանքով՝ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ