Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Արթուր Վանեցյանին, Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ, գնդապետ Գրիգորի Հայրապետովին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վալերիյ Օսիպյանին, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանին, ՀՀ զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ, գնդապետ Թեմուր Շահնազարյանին, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սասուն Խաչատրյանին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության առաջին դասի խորհրդական Հայկ Գրիգորյանին, ՀՀ գլխավոր դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արթուր Դավթյանին բարձրագույն զինվորական կոչումներ և դասային աստիճաններ շնորհելու մասին:
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ նախագահ Սարգսյանը շնորհավորել է ներկաներին Սահմանադրության օրվա, ինչպես նաև բարձրագույն զինվորական կոչումներ և դասային աստիճաններ ստանալու առթիվ: Իր խոսքում նա խորհրդանշական է համարել, որ հերթական կոչումներն ու դասային աստիճանները շնորհվում են Սահմանադրության օրը:
«Դուք արժանապատվորեն և նվիրվածությամբ եք իրականացնում հայրենիքի սահմանների պաշտպանության, երկրում սահմանադրական և հասարակական կարգի պահպանության, օրինապահության ամրապնդման ձեր առաքելությունը, - ասել է նախագահը: - Այն, ինչ դուք կատարում եք, պարզ պարտականություն չէ, այլ՝ դժվարին ու պատվաբեր աշխատանք և ծառայություն, որն ուղղակի և անուղղակի առնչվում է մեր երկրի ու ժողովրդի թե՛ ներկային, թե՛ ապագային:
Ձեր պարտականությունները պատշաճ կատարելով ՝ դուք պաշտպանում եք թե՛ երկրի անվտանգությունը, թե՛ քաղաքացիների իրավունքներն ու ազատությունը, և թե՛, իհարկե, Սահմանադրությունը:
Համոզված եմ, որ դուք այսուհետ ավելի մեծ պատասխանատվությամբ և նվիրումով եք ձեռնամուխ լինելու ձեր աշխատանքին ու ծառայությանը՝ նպատակակետ ունենալով Հայաստանի Հանրապետության, մեր քաղաքացիների և մեր ողջ ժողովրդի շահերը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը