11 03 2019

Փաշինյանի և Պուտինի խոսնակները հանդիպել են

Փաշինյանի և Պուտինի խոսնակները հանդիպել են

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն աշխատանքային այցով Մոսկվայում է։ Այս մասին հաղորդվում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջից։

Այցի շրջանակում Վլադիմիր Կարապետյանը մարտի 11-ին հանդիպել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։

Զրույցի ընթացքում քննարկվել են տարաբնույթ հարցեր երկու կողմերի մամուլի ծառայությունների միջև համագործակցության վերաբերյալ: Մասնավորապես, զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ վարչապետի աշխատակազմի և ՌԴ նախագահի ու կառավարության լրատվական ծառայությունների գործակցությանը, հայ-ռուսական հարաբերությունների շրջանակում տեղի ունեցող միջոցառումների լուսաբանմանը վերաբերող հարցերի: Վլադիմիր Կարապետյանը և Դմիտրի Պեսկովը պայմանավորվել են պարբերաբար անցկացնել խորհրդատվական բնույթի հանդիպումներ, որոնք կնպաստեն լրատվության ոլորտում փորձի փոխանակմանն ու կապերի ամրապնդմանը:

Նույն օրը Վլադիմիր Կարապետյանը հանդիպում է ունեցել նաև ՌԴ առաջատար լրատվամիջոցների խմբագիրների և ռուսաստանյան փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ