ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 31-ին ընդունել է ՀՀ-ում Գանայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Լեսլի Ակուա Ակյաա Օպոկու-Վարեին (նստավայրը՝ Մոսկվա): Այս մասին տեղեկանում ենք ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից։
Խորհրդարանի ղեկավարը, շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելության ստանձնման կապակցությամբ, համոզմունք է հայտնել, որ նա իր փորձը կներդնի երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:
Ընդգծելով միջազգային հարթակներում երկու երկրների համագործակցությունը` Արարատ Միրզոյանն անհրաժեշտ է համարել նաեւ միջխորհրդարանական կապերի ակտիվացումը, ինչի համար առկա են բոլոր հիմքերը:
Ազգային ժողովի նախագահը, ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ Հայաստանի տեսակետը, նշել է, որ այս հարցում ակնկալում է Գանայի Հանրապետության հավասարակշիռ դիրքորոշումը:
Անդրադառնալով երկկողմ համագործակցության հեռանկարներին` օրենսդիր մարմնի ղեկավարը կարեւորել է Գանայի Հանրապետության դերակատարությունը աֆրիկյան տարածաշրջանի երկրների հետ փոխգործակցության զարգացման հարցում:
Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, վստահեցրել է, որ կանի հնարավորը նպաստելու երկկողմ կապերի ակտիվացմանը եւ հետագա համագործակցության պատրաստակամություն հայտնել:
Լեսլի Ակուա Ակյաա Օպոկու-Վարեն եւս անհրաժեշտ է համարել երկու երկրների խորհրդարանների միջեւ շփումների աշխուժացումը, ինչը կնպաստի հարաբերությունների խթանմանը:
Անդրադառնալով արցախյան հիմնախնդրին` դեսպանը հույս է հայտնել, որ հակամարտությունը կլուծվի խաղաղ բանակցային ճանապարհով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը