Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Ադրբեջան, Տաջիկստան և Ուզբեկստան։ Այս մասին «Известия»-ին հայտնել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։ Նրա խոսքով՝ այցերը տեղի կունենան այս տարվա սեպտեմբերին և հոկտեմբերին։ Սեպտեմբերի 27-28-ին Պուտինը կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների՝ Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայանալիք հանդիպմանը։
Ուշակովը նաև հաղորդել է, որ մինչև տարեվերջ ՌԴ-ն մտադիր է հյուրընկալել ՌԴ-Իրան-Ադրբեջան եռակողմ գագաթնաժողովը։ «Հանդիպումն անցկացնելու մեր հերթն է, կքննարկենք գործընկերների հետ, թե երբ է նրանց հարմար»,- նշել է Ուշակովը։
Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի ղեկավարների առաջին հանդիպումը կայացել էր 2016 թվականին։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին Սոչիում կայացել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը պաշտոնական այցով Ռուսաստան ժամանած Իլհամ Ալիևի հետ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը