Դեկտեմբերի 3-ի կեսօրին ադրբեջանական կողմը դիմել է հերթական սադրանքին՝ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում փակել է Ստեփանակերտ-Գորիս մայրուղին՝ այդպիսով կտրելով Արցախի կապը Հայաստանի հետ և հաղորդակցությունը Շուշիի շրջանի Բերդաշենի ենթաշրջանի գյուղերի հետ:Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԳՆ-ն:Հայտարարության մեջ ասվում է.
«Այս անմարդկային արարքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախը հայաթափելու, այնտեղ էթնիկ զտումներ և ցեղասպանություն իրականացնելու Ադրբեջանի գերնպատակը մնացել է անփոփոխ:
Այս ահաբեկչական քայլը նաև խարխլում է Լաչինի միջանցքի վերաբերյալ միջազգայնորեն ձեռքբերված պայմանավորվածությունը և նենգ հարված է հասցնում տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովող Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելությանը:
Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունն ու գործողությունները լուրջ մարտահրավեր են քաղաքակիրթ աշխարհին և ակնհայտ անհարգալից ու արհամարհական վերաբերմունք՝ միջազգային իրավունքի նկատմամբ:
Կոչ ենք անում միջազգային հանրությանը խստորեն դատապարտել Ադրբեջանի պետական հայատյաց քաղաքականությունը և գործուն քայլեր ձեռնարկել՝ սանձազերծելու ագրեսորին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը