29 03 2022

Արցախի նախագահը ՊՆ-ում աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել

Արցախի նախագահը ՊՆ-ում աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 29-ին այցելել է Պաշտպանության նախարարություն և ՊԲ հրամկազմի ու ուժային մյուս կառույցների պատասխանատուների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն անցկացրել, տեղեկացնում ենք Արցախի նախագահի աշխատակազմից:

Իր խոսքում երկրի ղեկավարը, նախ, բարձր է գնահատել օրերս շփման գծի արևելյան հատվածում Պաշտպանության բանակի և ուժային մյուս կառույցների ու կամավորականների՝ Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած խիզախությունը: Նախագահը իր խոնարհումն է բերել զոհված զինծառայողների հիշատակին, նշել, որ նրանցից յուրաքանչյուրն իրեն դրսևորել է իսկական հերոսի պես:

Անդրադառնալով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի վերջին զարգացումներին՝ Արայիկ Հարությունյանը շեշտադրել է, որ հատկապես վերջին օրերին Արցախի բնակավայրերի ու խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից ինտենսիվ կերպով կիրառվող ռազմական և հոգեբանական բնույթի ագրեսիան պայմանավորված է առաջնահերթորեն արտաքին քաղաքական գործընթացներով:

Ներկաներին ներկայացվել են այն հիմնական աշխատանքները, որոնք Արցախի իշխանությունները շուրջօրյա ռեժիմով ու տարբեր մակարդակներում իրականացնում են իրավիճակը կայունացնելու, լիցքաթափելու և ադրբեջանական զորքերը ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկրի պաշտպանունակությանը նվիրված մի շարք օրախնդիր հարցեր: Նախագահի կողմից այդ ուղղությամբ նոր հանձնարարականներ են տրվել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ