Մարտի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում՝ Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղի հատվածում, մարտի 24-ին մեկնարկած ադրբեջանական զինված ուժերի ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը։
Նախարար Միրզոյանը կարևորել է Ադրբեջանի ներխուժմանը ՌԴ համապատասխան գերատեսչությունների տված գնահատականը: Նախարարը ընդգծել է ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից կոնկրետ միջոցների ձեռնարկումը ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը խաղաղապահների պատասխանատվության գոտի դադարեցնելու և Ադրբեջանի զինված ուժերը դուրս բերելու համար:
Մարտի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին։
Հանդիպման քննարկման առանցքում եղել է Ադրբեջանի զինուժի ներխուժման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։ Արարատ Միրզոյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ շարունակական սադրանքներն և ագրեսիվ գործողություններ, կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը դիտավորյալ խափանելու փորձերը։
Նախարար Միրզոյանը կարևորել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրության պատշաճ և հասցեական արձագանքը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի տարածքից ադրբեջանական զինուժի դուրսբերմանը և իրավիճակի դեէսկալացիային։
Մարտի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է նաև Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Լին Թրեյսիին:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների ներխուժման, ինչպես նաև Արցախի խաղաղ բնակչության դեմ շարունակական սադրանքների և կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը դիտավորյալ խափանելու հետևանքով ստեղծված իրավիճակը։
Գնահատելով Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին ԱՄՆ կողմից տրված գնահատականը՝ նախարար Միրզոյանն ընդգծել է գործուն քայլերի իրականացման անհրաժեշտությունն իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ, կարևորել միջազգային հանրության կողմից խնդրի հետևողական հասցեագրումը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը