ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ, այժմ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը parliamentmonitoring-ին տված հարցազրույցում անդրադարձել է նախկինում իր ղեկավարած ոլորտում իրավիճակին։
Ներկայացնում ենք հատված հարցազրույցից․
- Դուք այժմ մի իշխանության մեջ եք, որը դեմ էր ճանապարհներին արագաչափեր ու տեսախցիկներ տեղադրելուն: Նիկոլ Փաշինյանը կտրականապես դեմ էր դրան: Դուք, որպես ոլորտի մասնագետ, արդարացված համարո՞ւմ եք այդ դիրքորոշումը:
- Մարդկային գործունեության բոլոր ոլորտներում ավտոմատիզացման պրոցեսն անխուսափելի է: Դրա դրսևորումն են նաև տեսահսկման սարքերը, որոնք արդյունավետ են, քան տվյալ տարածքում մարդկային ուժի կիրառումը: Այդ սարքավորումների կիրառման արդյունքում բավականին լավ արդյունքներ ենք ունեցել: Այո, ես այդ համակարգին անցնելու հարցում լուրջ դերակատարում եմ ունեցել և փորձելու եմ ավելի զարգացնել համակարգը: Կարծում եմ, որ Հայաստանի վարչապետը դեմ է եղել ոչ թե այդ համակարգին, այլ տուգանքների կիրառման պրակտիկային: Իշխանության գալով այդ պրակտիկան էապես փոխվեց, մեղմացվեց: Բացի դա, կլինեն օրենսդրական նախաձեռնություններ, որոնք էապես կնվազեցնեն տուգանքների չափերը, կկիրառվեն տուգանային միավորներ, որոնք կբարձրացնեն ճանապարհային երթևեկության անվտանգությունը և, որպես երկրորդական էֆեկտ, կնվազեցվի սոցիալական բեռը: Այս ամենը կլինի վարչապետի հանձնարարությամբ: Բացի այդ, աննախադեպ քայլ կատարվեց՝ 13 մլրդ դրամի տուգանք համաներվեց:
- Ասում եք՝ ավտոմատացված համակարգի զարգացումն անխուսափելի է. ուրիշ ի՞նչ նոր քայլեր են իրականացվելու:
- Ճանապարհային ոստիկանության կառուցվածքը փոխվելու է: Լուրջ բովանդակային փոփոխություններ են իրականացվելու: Ճանապարհային ոստիկանության հիմքի վրա կստեղծվի հասարակական անվտանգության ոստիկանություն, ժողովրդական լեզվով ասած՝ պարեկային ոստիկանություն:
- Այսինքն Ճանապարհային ոստիկանություն չի՞ լինելու:
- Ոչ, Ճանապարհային ոստիկանություն, որպես այդպիսին, չի լինելու, լինելու է հասարակական անվտանգության ոստիկանություն, որի գործառույթների մեջ կմտնի բոլոր իրավախախտումներին, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության խախտումներին արձագանքելը: Սա մեծ փոփոխություն է: Շուտով այս հարցով քննարկումներ կլինենին նաև Ազգային ժողովում:
- Դուք տուգանքների համաներումը համարում եք ճի՞շտ քայլ …
- Իհարկե, նախաձեռնողներից մեկն էլ ես եմ եղել:
- Բայց շատերը պնդում են, որ պետության կողմից այդ քայլը նպաստեց, որ շատ վարորդներ մնան նույն օրինախախտը:
- Համաներման հետ բացարձակ կապ չունի վարորդների որոշ խմբի սանձարձակ լինելը: Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում վարորդների ավելի քան 85%-ը բավականին կարգապահ են և տարեկան կատարում են մինչև 5 խախտում: Մենք խնդիր ունենք վարորդների 1-2%-ի հետ, որոնք օգտվում են ոչ թե համաներումից, այլ այն հանգամանքից, որ տուգանքների կիրառման պրակտիկան շատ է մեղմացվել այսօր:
- Պարոն Խաչատրյան, նախկին ընդդիմությունը հայտարարում էր, որ արագաչափերի բիզնեսը պատկանում է Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանին: Դա ճի՞շտ էր:
- Ամբողջ տեսախցիկների համակարգը՝ գույքով, տեխնիկական միջոցներով, պետության սեփականությունն է շատ վաղուց, դեռևս 2013 թվականից: Որպես ծառայության մատուցում՝ դա հանձնարարվել է «Սեքյուրիթի դրիմ» կազմակերպությանը և որևէ մեկի սեփականությունը չէ: Այդ ամբողջ գույքըպատկանում է պետությանը և այդ գործառույթը իրականացվում է պետության կողմից: Սա ոչ մեկի բիզնեսը չէ:
- Այսինքն, հերքո՞ւմ եք հայտարարությունները, թե Ալեքսանդր Սարգսյանն առնչություն ունի այդ ամենին:
- Այո:
Հիշեցնեն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչ վարչապետ դառնալը բազմիցս հայտարարել է, որ արագաչափերի և տեսախցիկների բիզնեսը պատկանում է Ալեքսանդր Սարգսյանին, իսկ ապրիլյան քայլերթի ժամանակ «ընդդեմ Սաշիկի» բանաստեղծություններ էր կարդում և ունենում ելույթներ։
Ընթերցեք թեմայի վերաբերյալ մեր անդրադարձը․ Ո՞վ է այսօրվա Հայաստանի «Սաշիկը»«Սաշիկը»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը