04 11 2020

Արցախցի ուսանողների կրթության շարունակականության ուղղությամբ արվում է առավելագույնը. ԿԳՄՍՆ

Արցախցի ուսանողների կրթության շարունակականության ուղղությամբ արվում է առավելագույնը. ԿԳՄՍՆ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարի տեղակալ Հասմիկ Մինասյանին, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են պատերազմական իրավիճակով պայմանավորված Արցախի Հանրապետությունից տեղափոխված ուսանողների կրթության շարունակականության կազմակերպմանն առնչվող հարցեր։

Ա․ Մարտիրոսյանն անդրադարձել է կրթության իրավունքի ոտնահարման խնդրին, որն այժմ արձանագրվում է Արցախի և Հայաստանի հանդեպ սեպտեմբերի 27-ից սանձազերծված ադրբեջանաթուրքաահաբեկչական ագրեսիայի հետևանքով, որի թիրախում այլ քաղաքացիական ենթակառուցվածքների կողքին հայտնվել են նաև կրթական հաստատությունները:

Ա. Մարտիրոսյանը նշել է, որ նախարարությունն ու ՀՀ բարձրագույն կրթական հաստատությունները գործադրում են առավելագույն ջանքերը արցախցի ուսանողների կրթության շարունակականությունն ապահովելու համար՝ ներկա փուլում առանձնացնելով ուսումնական գործընթացի մեջ արցախցի ուսանողների ներգրավման ապահովման և առաջիկա կիսամյակային քննությունների պատշաճ կազմակերպման խնդիրները:

ԱՀ ԿԳՄ նախարարի տեղակալ Հ. Մինասյանը ներկայացրել է պատերազմով և համավարակով պայմանավորված դժվարությունները, որ արցախյան բուհերն ունեն իրենց ուսանողների հետ կապի հաստատման, ուսումնական գործընթացի վերագործարկման առումով՝ մեծապես կարևորելով հայաստանյան բուհերի կողմից տրամադրվող աջակցությունը: Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել առավել օպերատիվ աշխատելու առկա խնդիրներին միասնական մոտեցում ապահովելու, բայց և ուսանողների խնդիրներին անհատական մոտեցում ցուցաբերելու առումներով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ