26 08 2020

Արայիկ Հարությունյանը հայտարարում է Հայաստանում «լուսավորչական շարժման» մասին

Արայիկ Հարությունյանը հայտարարում է Հայաստանում «լուսավորչական շարժման» մասին

ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշեց, որ համապետական այս ծնողական ժողովը մի քանի առումով է կարեւոր մեզ համար․ բացահայտելու այն խնդիրները, որ կան, նաեւ այն խնդիրների, որ ծառացել են հանրակրթության առջեւ եւ քննարկումների տեղիք են տալիս, հիմնականում՝ շահարկումների։ 

«Այսօր մի շարք բացահայտումներ կանենք, որոնք լույս կսփռեն այդ կեղծիքների վրա», ասել է նա։

ԿԳՄՍ նախարարը հիշեցրել է, որ մարտի 13-ից մեր դպրոցները փակ են, եւ նախարարությունը կրթության շարունակականության համար ձեռնամուխ է եղել բարդ լուծումների, որոնք շատերը հավանության արժանացրին, եւ անցում է կատարվել   հեռավար կրթությանը։

«Եթե կրթության մեջ ընդհատւմներ են լինում, հետո դժվար է բացը լրացնել։ Ընդհատման դեպքում շատ դժվար լինում, շատ դժվար է գիտելիքը գիտելիքի վրա դնելու պրոցեսը։

Մեր ընդհանուր դիտարկումների արդյունքում, մենք տեսանք, որ ծնողները ցանկանում էին, որ դպրոցները բացվեին, մեր ցանկությունն էլ էր այդպիսին։ Հարցման արդյունքում պարզվեց, որ ծնողների 80 տոկոսը պատրաստ է դպրոցների բացվելու դեպքում երեխաներին տանել դպրոց։ Հիմա ավելի մեծ կլինի այդ տոկոսը, որովհետեւ կորոնավիրուսի թվերի նվազում ունենք, բայց մենք չպետք է այնպես անենք, որ այդ կորը նորից վեր թռչի եւ մենք ստիպված նորից փակենք դպրոցը, նորից անցնենք հեռավարի։ Եվ մեր խորին համոզումն է, որ եթե կանոնները պահպանենք, մենք չենք ունենա թվերի աճ, կտանք կրթություն։ Մենք չենք ուզում էս գործընթացներով վտանգել մեր քաղաքացիների առողջությունը, սովորողների եւ ոսուցիչների առողջությունը։ Մենք սահմանել ենք այն կանոնները, որոնք մշակել են պարետատունը եւ առողջապահության նախարարությունը։ Որոնք են այդ կանոնները՝ ախտահանում, սոցիալական հեռավորություն, դիմակների կրում։ Հիմա մենք տեսնում ենք, որ դիմակների հետ կապված կան անհանգստություններ, շահարկումներ․ մի անպատասխանատու պատգամավոր կա, որ ասում է՝ դիմակները շպրտեք, կարծես ինքն է պատասխան տալու մարդկանց հիվանդանալու եւ մահերի համար։  Այս կանոնների պահպանման դեպքում մենք 95 տոկոսով կանխարգելելու ենք վիրուսի տարածումը։ Ասում են՝ երեխաները չեն կարող երկար դիմակ կրել։ Մենք դասացուցակն այնպես ենք կազմել, որ երեխաները դպրոցում կարճ են մնալու, տարրական դպրոցում՝ 3 ժամ, միջին դասարաններում՝ 3-4 ժամ, բարձր դասարաններում՝ 5 ժամ։ Մենք առաջնորդվել ենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումներով։ Լարված իրավիճակի թուլացմանը զուգահեռ՝ թուլանալու են նաեւ կանոնները, եւ ուղեցույցի ցուցումները կարող են փոխվել։ Մեզ համար տարօրինակ է որոշ ծնողների քամահրական վերաբերմունքը այդ հարցին, դա նույնն է, որ հենց պատերազմի թեժ պահին զինատեսակների քննարկում անցկացվի։ Ձեր այդ վերաբերմունքով կարող եք ստեղծել մի իրավիճակ, որ այս թվերը նորից սկսեն աճել։ Պետության պարտավորությունն է՝ դա թույլ չտալ, եւ մենք թույլ չենք տալու։ Եվ մենք ձեռք-ձեռքի տված, չէ, ձեռք-ձեռքի չի կարելի, ուս-ուսի տված էլ չի կարելի, մենք միասին, մեկս մյուսին օգնելով կարող ենք առաջ գնալ։ Եթե պատերազմի ժամանակ մի գունդ թողնի գնա, դա խնդիր կառաջացնի մյուսների համար։ Տարօրինակ են այն պնդումները, թե երեխաներին փորձադաշտ եք տարել, բոլոր երեխաներն էլ մերն են, մենք ուզում ենք ապահովել նրանց կրթությունն ու առողջությունը։ Մենք շահարկումներ թույլ չենք տա։ Դպրոցներում էդ կանոնները պահելու ենք։ Ձեզանից պահանջվելու են մի շարք ջանքեր, որ ծնողները համագործակցեն ուսուցիչների հետ, որովհետեւ համագործակցության դեպքում մենք ունենում ենք շատ լավ արդյունք։ Երեխաներն էլ պետք է վարժվեն զգույշ լինել շփումներում։ Երբ մեր երեխաներին ասում եմ՝ եկեք համբուրեմ, նրանք ասում են՝ ոչ, կորոնավիրուս է, կանցնի՝ կհամբուրես։ Խնդրում եմ՝ հետեւեք ձեր երեխաների անձնական իրերին, եթե կան՝ ախտահանեք, հետեւեք, որ իրար չփոխանցեն գրիչ ու մատիտ։ Առավոտյան ջերմաչափեք երեխաներին, եթե բարձր լինի՝ չտանեք դպրոց։ Դպրոցում էլ անպայման ջերմաչափելու են, եթե բարձր լինի, միջոցներ կձեռնարկեն։ Մենք տարանջատել ենք առաջին դասարանցիներին, որպեսզի հեշտ լինի, պետք է խնդրենք, որ մի հոգի ուղեկցի նրանց, որ լրացուցիչ առողջական խնդիրներ չստեղծվեն։ Ընդմիջումները լինելու են դասարանում։ Ես այսօր մի շարք մարզերի տնօրենների հետ խոսել եմ, հորդորել, որ այս կանոնները տեսակապով բացատրեն աշակերտներին», ասել է Արայիկ Հարությունյանը։ 

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը նույն եթերում պարզաբանել է, որ թյուրըմբռնում կա տետրեր չօգտագործելու հետ կապված, տետրերն օգտագործվելու են, բայց գրավոր աշխատանքները, որոնք հանձնվելու են ուսուցչին՝ պետք է լինեն թերթիկների վրա։ Փոխնախարարը նաեւ ասել է, որ դպրոցներում թեստավորումն իրականացվելու է առողջապահության նախարարության միջոցներով։

«Ես ամենայն պատասխանատվությամբ կարող եմ հայտարարել, որ 2018-ից սկսած ՀՀ-ում հաստատվել է ամենաազգային իշխանությունը և կառավարությունը, որը հարգում է իր ավանդույթները, պատմությունը, և այդ ազգային հիմքի վրա ձևավորում է երեխաների համար նոր ապագա, ազգային արժեքների հիմքի վրա ձևավորում է այնպիսի քաղաքացի, որն ասելիք է ունենալու ապագայում, մեր օրերում, և ՀՀ-ն նորովի է ներկայացնելու ամբողջ աշխարհում իր գիտությամբ, կրթությամբ, իր ուժեղ բանակով: 

 

«Այս խավարամիտների բանակը, որ հիմա պայքարում է մեր իշխանության և այն փոփոխությունների դեմ, որ ներկայում տեղի են ունենում, իրենք են եղել նախորդ իշխանության և նրանց ձևավորած կրթական համակարգի հիմքը: Եթե մեզ այդ համակարգը դուր է գալիս, ապա 2018-ին չէինք ընդվզի այդ ամենի դեմ, որովհետև կրթական համակարգի դեմ ընդվզումն էլ էր, որ ՀՀ-ում բերեց հեղափոխության»,-ասաց նա:

Վերջինիս խոսքով՝ հանրակրթական պետական չափորոշիչը և առարկայական չափորոշիչները կարդալու դեպքում հասկանալի կլինի, թե որքան ազգակենտրոն են դրանք, թե որքան են հենված ազգային ավանդույթների, արժեքների, ինքնության վրա:

 

«Մենք ինչպես կարող ենք անընդհատ արձագանքել ակնհայտ կեղծիքների, որոնք արվում են նաև հայտնի գիտնականների շուրթերով: Ոնց արձագանքնենք ակնհայտ ստին, որ «Հայկական լեռնաշխարհ» եզրույթն ընդհանրապես հանված է, և դրա փոխարեն թուրքական Անատոլիա եզրույթն է: Ոնց արձագանքենք ստին, թե «Գրականություն» առարկայից հանվում է հայ բառը, երբ 7-9-րդ դասարաններում արդեն իսկ եղել է ընդհանուր գրականություն: Ոնց արձագանքնենք ստին, թե ծրագրերից հանված են Մեսրոպ Մաշտոցը, Նարեկացին, Սայաթ-Նովան»,-ասաց նա՝ նշելով, թե այս ստերը տարածվում են բոլորին իրական բարեփոխումների օրակարգից շեղելու նպատակով։

«Ոնց արձագանքենք այն ամենին, որոնք հիմարություն են, քաղաքային սլենգով ասած՝ «ախմախություններ». դա մեզանից ժամանակ կտանի: Մենք պարբերաբար թողնելու ենք, որ իրենք իրենց հիմարությունները դուրս տան, ստերն ասեն, փաթեթով հերքնենք, գնանք առաջ»,-ասաց նա՝ հորդորելով հետևել պաշտոնական լրահոսին:

Նրա խոսքով՝ ՀՀ ԿԳՄՍՆ-ն անում է առավելագույնը՝ ապահոբելու երեխաների լուսավոր ապագան. «Սա ՀՀ-ի համար լուսավորչական նոր շարժում է, որովհետև տասնամյակներ շարունակ այս փոփոխությունների դեմ պայքարողները մեզ տարել են դեպի խավար, հիմա խավարից ինչ-որ ձայներ են փորձում հանել, մենք խավարամիտներին կթողնենք խավարի մեջ»,-ասաց նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ