26 08 2020

Նույն տարիքի երեխաների մի մասը դպրոց կգնա 3 օր, մյուսը՝ 6․ Panorama.am

Նույն տարիքի երեխաների մի մասը դպրոց կգնա 3 օր, մյուսը՝ 6․ Panorama.am

Panorama.am-ը գրում է․

«Ուշադրությամբ հետևելով կրթության փոխնախարար Ժաննա Անդրեասյանի ասուլիսին, մեծ հարցական ունեցանք, որի մասին էլ հայտնեցինք ԿԳՄՍ։ Հայտարարվել էր, 20-ից ավելի աշակերտ ունեցող դասարանները կիսվելու են երկու խմբի, որոնցից յուրաքանչյուրը երեք օր է դպրոց հաճախելու։ Փոխնախարարը նշել էր, որ դասապրոցեսն ու ուսումնական պլանն այնպես է կազմվելու, որ աշակերտները հավասարապես ստանան անհրաժեշտ նյութերը։ Այսպիսով ստացվում է, որ մեկնարկող դասապրոցեսին աշակերտների մի մասը կմասնակցի եռօրյա, իսկ մյուս մասը՝ վեցօրյա ռեժիմով։ Այս մասին էլ հենց Panorama.am-ը հարց ուղղեց ԿԳՄՍ նախարարություն՝ արդյո՞ք ստացվում է այնպես, որ 9 տարեկան երեխան մի դպրոցում կարող է երեք օր մասնակցել 45 րոպեանոց դասապրոցեսին, իսկ մյուս դպրոցում՝ 6 օր... ԿԳՄՍ նախարարությունից արձագանքեցին՝ այո։

ԿԳՄՍ փոխնախարարը վստահեցնում էր, որ ուսուցիչների հավելյալ ծանրաբեռնվածություն չի լինելու, և նրանք աշխատելու են նախատեսված դրույքաչափով։ Նա մասնավորապես նշել էր. «Նախարարությունը սահմանել է այնպիսի մոտեցում, որով ուսուցչի ծանրաբեռնվածությունն ավելին չի լինի, քան նախատեսված է իր ժամաքանակով։ Սա չի նշանակում, որ դասաժամերը փոխելու ենք 20-20 րոպեի, դասաժամերի տևողությունը հստակ է, որ 45 րոպե է, դասամիջոցները՝ 5 րոպե։ Եվ այս դասաբաշխումները տեղի են ունենում դպրոց գալու օրերի հերթականության միջոցով։ Այսինքն՝ եթե դասարանը կիսվելու է երկու խմբի, ապա առաջինը գալու է իր սահմանված օրերին, իսկ երկրորդը՝ իր։ Եվ եթե ուսուցիչը պետք է շաբաթական երկու դասաժամ ունենար, ապա այն պահպանվում է, և հավելյալ ծանրաբեռնվածություն չի ավելանում»։

Թե այդ դեպքում ինչպես պետք է բաշխվեն դասաժամերը, կորոշեն դպրոցները։ Այսպիսով, չնայած պլանի «այնպես կազմելուն», եթե ուսուցիչները հավասար «ծանրաբեռնվածություն» են ունենալու, ստացվում է, որ շաբաթական 3 օր դպրոց հաճախող երեխաները կամ հետ կընկնեն 6 օր հաճախողներից, կամ նրանց կծանրաբեռնեն ծնողների հաշվին։ Այս ամենը ցույց է տալիս, որ ԿԳՄՍՆ-ն կրկին անգամ հոգածությամբ, խորությամբ և արդարացիության սկզբունքով չի մոտեցել նոր ուսումնական տարվա ծրագրին, թեև դրա համար ուներ մի ամբողջ ամառ՝ մտածելու ու լուծում գտնելու համար։ Գոնե 6 օր հաճախողները կրկին անցնեին հնգօրյա ռեժիմին.... Թեև՝ պարզ է ինչու այդպես չեն արել՝ որ ուսուցիչների հետ ֆինանսական խնդիրներ, իրենց կարծիքով, չծագեն։ «Հավասարություն» դնելով ուսուցիչների աշխատանքներին, նախարարությունը մեծ անհավասարության նշան է դրել աշակերտների՝ հավասար հնարավորությամբ գիտելիք ստանալու իրավունքների միջև։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ