27 07 2020

Բուհ չընդունվածների ցույցերը ստանում են քաղաքական երանգ․ Արայիկ Հարությունյան

Բուհ չընդունվածների ցույցերը ստանում են քաղաքական երանգ․ Արայիկ Հարությունյան

Բարձր միավորներով բուհ չընդունվածների ցույցերը ստանում են քաղաքական երանգ․ ցուցարարների շարքում է հայտնվել Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցը։ Հանրային ՀԸ «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդաշարի ընթացքում՝ իր հրաժարականի վերաբերյալ այսօր հնչած պահանջների վերաբերյալ հարցին ի պատասխան ասել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Ցուցարաներից ամենաակտիվի՝ գլխարկով տղամարդու, որդին ոչ առաջին հայտով ընդունվել է, պարզապես նրանք ցանկանում են բողոքի այս ալիքի վրա հասնել այն բանին, որ նա ընդունվի այն ֆակուլտետը, որը լրացրել էին առաջին հայտով։ Դա չի լինելու, նրանք իրենց նպատակին չեն հասնելու։ Անցած շաբաթ, երբ մենք լուծումների էինք հասել, այսօր, երբ կայանալու էր հանդիպումը, երբ պետք է ամրագրեինք այդ լուծումները,  ծնողների մի մասը ուրախացել էր, ասում էին՝ մեր հարցը լուծվեց։ Որպես ապացույց կարող եմ ներկայացնել, որ բողոքող խումբը, որը մեզ ներկայացրեց 134 անձանց ստորագրությամբ 2 դիմում, այստեղ մարդկանց անունները կրկնվում են, այստեղ կան մարդիկ, որ առաջին հայտով ընդունվել են։ Դրական միավոր ստացած, բայց չընդունվածների թիվը եղել է 88, նրանցից լրացուցիչ փուլին դիմած 66-ից 63-ն ընդունվել է, 20 դիմորդ չի դիմել լրացուցիչ փուլին, մեկ դիմորդ չի ընդունվել, գերազանց ստացած 6 դիմորդի առաջարկվել է հաջորդ կրթական ծրագրերին մասնակցել, նրանցից 4-ը համաձայնել է։ Մեզ համար անսպասելի էր, որ շաբաթ օրը, չսպասելով երկուշաբթի օրվա մեր լուծումներին, մենք տեսանք այդ քաղաքական խմբակների հետ որոշ բողոքողների ասուլիսները, հայտարարությունները, թե մենք այլեւս փոխնախարարի հետ չենք հանդիպելու, մեր պահանջը նախարարի հետ հանդիպումն է։ Այս օրերին ես հանդիպել եմ եւ դիմորդների, եւ ծնողների հետ, քննարկել հարցեր եւ լուծումներ գտնել։ Բայց հիմա այս ակտիվությունն արդեն այլ ուղղությամբ է գնում, եւ ես ուզում եմ դիմորդներին խորհուրդ տալ՝ չտրվել սադրանքներին, որովհետեւ, ըստ էության, լուծումները տրված են», ասել է Արայիկ Հարությունյանը։

«Մեզ ավելի մեծ մեղք են վերագրում․ ասում են «Հայ գրականությունից» հանում եք «հայ»  բառը․  չեմ կարողանում հասկանալ, թե այսչափ մեծ կեղծիքը որտեղից է գալիս։ 

«Ընդ որում, այս սուտն ու կեղծիքը հնչում է կարեւոր բուհական ու հետազոտական կենտրոններից, երբ դու նույնիսկ հերքում ես, թե այդպիսի բան չկա, նրանք շարունակում են դա անել։ Սույն պարոնը, որ ամենաշատն է քննադատում, Դավիթ Գասպարյանը ժամանակին դասագիրք է հրապարակել, որի վերնագրում հայ բառ չկա, նույնը 8-րդ, նույնը 9-րդ դասարանում։ Նրանք չեն հաջողելու։ Ես հասկանում եմ, մարդկանց մի մեծ խումբ, որ նախիկնում դասագրքեր է գրել եւ «ապահովել է» մեր զարգացումը կամ չզարգացումը, հիմա դուրս է մնացել այդ գործընթացներից։ Ավելին, մենք բավականին մեծ թվով ուսուցիչներ ենք ներգրավել այս պրոցեսում, նրանք, որ ամենաշատն են շփվում աշակերտների հետ, նրանք կարող են լավագույն լուծումներն առաջարկել։ Վերջին օրերին 6 հազար ուսուցչի հետ քննարկում ենք ունեցել, ինչը երբեք տեղի չի ունեցել», ասել է ԿԳՄՍ նախարարը։

«Մեր մեծերն, ի վերջո, լինելու են, թե ոչ», հարցին Արայիկ Հարությունյանը պատասխանել է՝ «բոլորն են լինելու»։

«Մենք հերքել ենք այդ տեղեկությունները, որ նրանք դուրս են գալիս դասագրքերից, բայց կեղծիքները մամուլում շարունակվում են։ Ես մեր հանրությանն ուզում եմ կոչ անել՝ չտրվել սադրանքներին, այդպիսի բան չկա։ Խոսում են, թե հայրենասիրություն բառը չկա չափորոշիչներում։ Ուզում եմ հարցնել՝ այդ բա՞ռն էր ձեզ օգնում կեղծել մեր վերջին 30 տարվա պատմությունը։ Ես մեկ օրինակ կարող եմ բերել․ ես ասացի, որ չենք ուզում այս իշխանությանը հաճո բաներ գրվեն, բայց ինձ լուրեր հասան, որ նույն այդ մարդիկ պատրաստ են գրել 180 տոկոսով հակառակը։ Մենք թույլ չենք տալու, որ կեղծ հայրենասիրությամբ այդպիսի բաներ անեն, պետք է այս եզրույթը քիչ կիրառել, որ չարժեզրկվեն, լավ հայրենասիրությունը՝ լավ քաղաքացի դաստիարակելն է, իր իրավունքներն ու պարտականություններն իմացող քաղաքացի դաստիարակելն է։ Եվ այդ հայերնասիրությունը ավելի մեծ տեղ կունենա մեր հասարակության մեջ, քան այն կեղծ հայրենասիրությունը, որ դավանել է մարդկանց այդ խումբը», ասել է ԿԳՄՍ նախարարը։

Խոսելով դասագրքերում ժամանակակից գրողներին ներկայացնելու թեմայով, Արայիկ Հարությունյանն ասել է, թե սարսափելի է այն ոճը, որով քննարկվում է այս հարցը․

«Ես հիմա հասկանում եմ, որ այդպիսի մարդիկ, 30-ական թվականներին իրենց ժամանակակից գրողներին էին քննադատում, ավելին, «դանոսներ» գրում, որոնց արդյունքում, օրինակ, Չարենցն ու Բակունցը գնդակահարվում էին։ Հիմա պարզապես այլ պայմաններ են, եւ սոցիալական ցանցերում գռեհիկ եւ անընդունելի ոճով գրում են այն ամենի մասին, այն փոփոխոթւյունների ու ժամանակակից գրողների մասին, ինչը ժամանակը պետք է ցույց տա, որ արժանի են»։

«Հայկականության դեմ դավադրություն չկա՞», հարցրել է վարողը, «ընդհակառակը»՝ պատասխանել է նախարարը․

««Ես եւ իմ հայրենիքը» առարկան հերթով անցնում է մեր էպոսի, մեր հերոսների, մեզ համար շատ թանկ հերոսների կյանքով, սյուժեներով ցույց ենք տալիս մեր հասարակության անցած ճանապարհը պատմության ընթացքում եւ ապագայի համար ենք նախանշում, թե ինչ արժեքներ են կարեւորվում մեզ համար, համակեցության կանոններով ապրող հասարակության համար, ուժեղ հասարակություն ունենալու,  աշխարհին նոր խոսք ասող հասարակություն ունենալու համար», ասել է Արայիկ Հարությունյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ