Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս, պ. գ. դ., պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը գրում է․
«ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հրապարակված Հանրակրթության պետական չափորոշչի մասին նախագիծն իր մեջ պարունակում է մի շարք խնդրահարույց կետեր։
Այս անգամ անդրադառնամ ՆԱԽՆԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ առարկայի ճակատագրին։
Նախագծի՝ հանրակրթական հիմնական ծրագրի շրջանավարտի (5-9-րդ դասարան) ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքներում նախնական զինվորական պատրաստության վերաբերյալ որևէ ակնարկ չկա (գործող չափորոշչի հիման ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ամեն տարի հաստատվող հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների օրինակելի ուսումնական պլաններով «ՆԶՊ» առարկան դասավանդվում է 8-12-րդ դասարաններում՝ շաբաթական 1 դասաժամ ծանրաբեռնվածությամբ), ինչը նշանակում է, որ հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ՝ դպրոց) 8-9-րդ դասարանի սովորողը նշված առարկան չի ուսումնասիրելու: Նախագծով առարկայի դասավանդումը դեռևս չհստակեցված ձևաչափով նախատեսվում է իրականացնել միայն ավագ դպրոցում: Այս պարագայում չի կարող ապահովվել սովորողների կողմից ամբողջ ուսումնական նյութի յուրացումը:
Նախագծով պարզ չի դառնում նաև, թե արդյո՞ք դպրոցներում շարունակվելու են իրականացվել քաղաքացիական պաշտպանությանն առնչվող գործառույթներ, որոնք, ներկայումս համակարգում է զինղեկը:
Հաշվի առնելով տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը, ամբողջ աշխարհի կողմից այժմ դիմագրավող մարտահրավերները և մեր աշխարհագրական դիրքից բխող վտանգները՝ նախնական զինվորական պատրաստության և քաղպաշտպանության՝ ըստ պատշաճի դասավանդումը դպրոցներում ազգային անվտանգության խնդիր է։
Առաջարկվող փոփոխությամբ անխուսափելի է դառնալու նաև զինղեկների շաբաթական ուսումնական բեռնվածության նվազումը՝ աշխատավարձերի էական իջեցման և դրանից բխող սոցիալական բացասական հետևանքներով:
Զարմանալ կարելի է, թե ինչպե՞ս ենք մեզ թույլ տալիս այդքան թեթև մոտենալ ՆԱԽՆԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ առարկային։ Ոսոխներով շրջապատված լինելու հանգամանքը մեզ հակառակը պիտի տրամադրի։ Դարեր շարունակ ռազմական կրթությունը մեզ համար ոչ միայն կենսական անհրաժեշտությյուն է եղել, այլ նաև՝ պատվի հարց։ Ինչո՞ւ ենք մեզ մատնում ոչ միայն մատնում ջայլամական թմբիրի, այլև արհամարհում ազնավական զբաղմունքը։ Զինվորական պատրաստության դասաժամերի կրճատումը վատ նախաբշան է հետագա կրճատումների տեսանկյունից։
Այս անհեռատես քայլի համար տարիներ անց մեր թշնամին մեզ չի ներելու, ժամանակ չենք ունենալու, որ ներքին մեղավորներին փնտրենք։ Հակառակորդն ամեն տարի իր ռազմական բյուջեն է ավելացնում, իսկ մենք դպրոցում կրճատում ենք ռազմագիտության ժամերը։
Գրառումս ուզում եմ ավարտել Մեծ Հայի «Յիշիր պատերազմը» գրվածքի հետևյալ տողերով․ «Կայ, վերացած չէ երբեք արտաքին վտանգը եւ ժողովուրդները տենդօրէն կը պատրաստուին՝ վաղը յաղթական կամ նուազ պարտուած դուրս գալու համար ճակատագրական բախումներից»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը