01 03 2020

Արցախում ևս մարտի 2-ից դասապրոցեսները դադարեցվում են

Արցախում ևս մարտի 2-ից դասապրոցեսները դադարեցվում են

Արցախի Հանրապետության կառավարությանը կից ստեղծված՝ Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, փետրվարի 29-ին Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի հայտնաբերման փաստով պայմանավորված, որոշում է ընդունել մարտի 23-29-ի գարնանային արձակուրդները տեղափոխել մարտի 2-7-ը ներառյալ:

Այս մասին հայտնել են Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությունից։

Հետագա որոշումները կընդունվեն և կհրապարակվեն՝ համաճարակաբանական հսկողության պահանջներին համապատասխան:

Կրթության, գիտության և սպորտի նախարարությունը քննարկում է բաց թողնված պարապմունքները լրացնելու խնդիրն ուսումնական ծրագրի բեռնաթափման և ուսումնական գործընթացի ռեժիմի փոփոխությամբ լուծելու հնարավորությունները:

«Ստեղծված իրավիճակում կարևորում ենք բոլորի և յուրաքանչյուրի համարժեք վարքագիծը՝ համաճարակի տարածումը կանխարգելելու և անհրաժեշտության դեպքում՝ պայքարի արդյունավետ միջոցներ ձեռնարկելու նպատակով:

Հորդորում ենք առաջնորդվել  առողջապահության համաշխարհային կազմակերպության, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունների կողմից հրապարակված ուղեցույցներով:

Հիգիենայի սահմանված կանոններին հետևելը զգալիորեն կնվազեցնի գրիպի, կորոնավիրուսային վարակի և այլ սուր շնչառական վիրուսային վարակի և դրանց հետագա տարածման ռիսկը:

Շարունակեք հետևել պաշտոնական հաղորդագրություններին Արցախի Հանրային հեռուստատեսությամբ և ԿԳՍ ու ԱՆ նախարարությունների կայքէջերով և ֆեյսբուքյան էջերով:

Մաղթում ենք բոլորիդ առողջություն»- տեղեկացնում է ԿԳՍ նախարարությունը:

Ավելացնենք, որ Արցախի Հանրապետության տարածքում սուր շնչառական ուղիների հիվանդությունների և համաճարակաբանական ընդգծված ֆոնի պատճառով Արցախի տարածքում գործող բոլոր հանրակրթական հաստատություններում փետրվարի 21-22-ը, այնուհետև 25-29-ը՝ բոլոր նախակրթարաններում և այն դպրոցներում ու մասնագիտական հաստատություններում, որտեղ դասերից բացակայությունների թիվն անցել է թույլատրելիի սահմանը, դադարեցվել են ուսումնական պարապմունքները:

Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությունը և Առողջապահության նախարարությունը համատեղ այս որոշումն ընդունել են՝ հիվանդությունների հետագա տարածումը կանխելու նպատակով, միաժամանակ, հաշվի առնելով նոր կորոնավիրուսի ներթափանցման ռիսկերը:

Կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ, հանրապետությունում վերջին օրերին նկատվել է սուր շնչառական հիվանդության դեպքերի նվազման միտում, ինչն արձանագրվել է նաև բուժհաստատություններ դիմելիության և շտապ օգնության կանչերի թվի նվազմամբ:

Այս ընթացքում մանկապարտեզներում, դպրոցներում և ուսումնարաններում իրականացվել են ախտահանման, օդափոխման և շենքերում ջերմային ռեժիմի կարգավորման լրացուցիչ աշխատանքներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ