09 02 2020

Հայ գիտնականի աշխատությունն ընդգրկվել է Բելգիայի ուսումնական ծրագրերում

Հայ գիտնականի աշխատությունն ընդգրկվել է Բելգիայի ուսումնական ծրագրերում

2019 թվականի դեկտեմբերին բնագիտական և ճարտարագիտական գրականության ամերիկյան խոշորագույն հրատարակչություններից մեկը՝ «ՍիԱրՍի պրես - Թեյլոր անդ Ֆրանսիս գրուպը» Բոկա Ռատոնում (Ֆլորիդա), Լոնդոնում և Նյու Յորքում, ինչպես նաև համացանցում լույս է ընծայել հայ գիտնական, քիմիկոս Ռոբերտ Բախչաջյանի «Բիմոդալ օքսիդացում՝ տարասեռ և համասեռ ռեակցիաների զուգորդումը» ծավալուն մենագրությունն անգլերեն լեզվով: Այն վերջին տասնամյակների միակ հիմնարար աշխատությունն է այս բնագավառում: Գիրքը հասցեագրված է հատկապես ֆիզիկական քիմիայի բնագավառի գիտնականներին, ճարտարագետներին, ուսանողներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են այս բնագավառի հիմնախնդիրներով: Այն կարող է ծառայել նաև իբրև դասագիրք համալսարանների բնագիտական մասնագիտությունների ուսանողների համար: Բելգիայի Գենտի համալսարանի քիմիական ճարտարագիտության պրոֆեսոր Ժ. Տիբոյի առաջարկությամբ՝ այս աշխատությունն իբրև դասագիրք արդեն ընդգրկվել է ուսումնական ծրագրերում՝ ուսանողներին հանձնարարվող գրականության ցանկում: 

Հեղինակը գիտական համագործակցության սերտ կապեր ունի Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Նալբանդյանի անվան ֆիզիկական քիմիայի ինստիտուտի հետ, որտեղ աշխատել է մինչև մշտական բնակության մեկնելը Ֆրանսիա: Բախչաջյանը նախաձեռնողն ու գլխավոր խմբագիրն է ֆիզիկական քիմիայի մի քանի գիտական մատենաշարերի հրատարակության, որոնք իրականացվում են համաշխարհային առաջատար գիտական հրատարակչությունների կողմից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ