Հունիսի 19-ից մեկնարկել է դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման այս տարվա ծրագիրը, որում ընդգրկված է 7-13 տարեկան 4680 երեխա: Ծրագրի շրջանակում հունիսի 19-ից օգոստոսի 15-ն ընկած ժամանակահատվածում 6 ճամբարներում երեք հերթափոխով 20-ական օրով կհանգստանան զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու անապահով բազմազավակ ընտանիքների դպրոցահաuակ երեխաները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
Ամառային հանգստի շրջանակում երեխաների համար կկազմակերպվի ֆիզիկական և գեղագիտական դաստիարակությանն ուղղված ճամբարային ծրագիր, որում ներառված են տարբեր միջոցառումներ` միտված դպրոցականների ճաշակի ձևավորմանը, ազգային ավանդույթների պահպանմանը, բնապահպանական, հայրենասիրական ու կարգապահական դաստիարակությանը, ստեղծագործական կարողությունների զարգացմանը:
Նախատեսված են նաև հատուկ դասընթացներ արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու, առաջին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ:
Նշենք, որ 2019 թվականի դպրոցականների ամառային հանգստի կազմակերպումն ապահովելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով:
Ծրագիրն իրականացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
Ճամբարներ մեկնող երեխաների ցուցակագրումն իրականացրել են ՀՀ մարզպետարանները` համայնքներից ստացված հայտերի հիման վրա:
Հիշեցնենք՝ մամուլը գրել էր, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, պարզվում է, Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության և ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի հետ համատեղ՝ ՀՀ Արարատի մարզում կազմակերպում է փորձնական ամառային դպրոց։
«Առաջին հայացքից բավական գայթակղիչ թվացող այս հայտարարության տակ, թե ինչ ականներ են թաքնված, իհարկե, դեռ վաղ է կանխատեսել, սակայն, որ նախարարության թեթև ձեռքով սորոսականները հիմա էլ երեխաներին ճամբար են տանում, ոչ մի լավ բանի մասին չի հուշում՝ հաշվի առնելով, որ Սորոսի հիմնադրամը ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում աչքի է ընկել ավելի շատ պետություններ քանդելով ու այլասերվածություն տարածելով, քան թե դեռահասների կրթության մասին հոգ տանելով»,- գրել էր «Իրավունք» թերթը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը