2019թ. մայիսի 15-ից մեկնարկել է Երեւանի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հերթագրման առցանց համակարգը, որը ներդրվել է բոլոր երեխաների համար դպրոցում գրանցելու հավասար մեկնարկային պայմանների երաշխավորման, կոռուպցիոն ռիսկերի բացառման, որոշ դպրոցների թերբեռնվածության կամ գերբեռնվածության խնդիրները լուծելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Համակարգի գործարկման ժամանակ արձանագրված տեխնիկական խնդիրների հետեւանքով հերթագրման դժվարություններ ունեցած ծնողների կողմից ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ստացել էր դիմումներ՝ ընդհանուր հերթագրվածների շուրջ մեկ տոկոսը:
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում (ԿՏԱԿ) մանրամասն ուսումնասիրվել են բոլոր դիմումները, քանի որ առաջին դասարանցիների հերթագրման առցանց համակարգն արձանագրել է մուտք գործած բոլոր օգտատերերի գործողությունները՝ համակարգ մուտք գործելու օրն ու ժամը եւ առաջացած խնդիրները։
Բոլոր ծնողները, որոնք համակարգի մեկնարկային փուլում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով ունեցել են գրանցման դժվարություններ, հնարավորություն են ստացել երեխաներին հերթագրել նախընտրած դպրոցում:
Նշենք, որ համակարգը մեկնարկից հետո սկսել է գործել առանց խափանումների, եւ յուրաքանչյուր ծնող կարողացել է եւ այժմ էլ կարող է գրանցել երեխային նախընտրելի դպրոցում, եթե առկա են լիցենզիայով սահմանված ազատ տեղեր։
Առցանց հերթագրման գործընթացը շարունակվում է. գրանցման եւ հաստատման արդյունքներին կարելի է հետեւել ԿԳՄՍ նախարարության եւ ԿՏԱԿ-ի ֆեյսբուքյան էջերում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը