Հանրապետությունում գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված դասերի հետաձգման անհրաժեշտություն այս պահին չկա: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:
Նա նշել է, որ առավոտյան անակնկալ այց է կատարել Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի մեկական դպրոց և մանկապարտեզ՝ համոզվելու համար, թե ինչպիսին է իրավիճակը հիվանդացության և բացակայությունների առումով:
Հարությունյանը նշել է, որ մանկապարտեզը, որտեղ այցելել էր, վերանորոգման կարիք ուներ, և հենց դրանով պայմանավորված միջանցքներում ջերմաստիճանը ցածր էր:
«Նախակրթարանում ականատես եմ եղել, թե ինչպես էին հիվանդ երեխաներին ուղարկում տուն: Բացակաների հետ կապված տնօրենը հավաստիացրել է, որ բացակա երեխաների միայն 10-15 տոկոսն է հիվանդ»,-ընդգծել է նա, ուրախությամբ փաստելով, որ ծնողներն ավելի պատասխանատու են դարձել և հիվանդ երեխաներին չեն ուղարկում հաստատություններ:
Արայիկ Հարությունյանը նշել է, որ մի շարք դպրոցներում ընդհանուր վիճակը բարվոք չէ և հենց այդ խնդրով պայմանավորված էլ անհրաժեշտ ջերմային ֆոն չի ապահովվում: «Մենք այս տարի ավելի մեծ ուշադրություն կդարձնենք այդ խնդրին»,-հավաստիացրել է նախարարի պաշտոնակատարը:
Հիշեցնենք, որ Հանրապետությունում շրջանառում է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը, գրանցվել է 10 դեպք։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը