19 12 2018

Աշակերտական աբոնեմենտային ծրագիրը մատչելի է ոչ բոլոր երեխաների համար․ հայտարարություն

Աշակերտական աբոնեմենտային ծրագիրը մատչելի է ոչ բոլոր երեխաների համար․ հայտարարություն

Դպրոցականների համար աբոնեմենտային համակարգի ծրագիրը կարող է հանգեցնել դրամահավաքության նոր ալիքի: Այս մասին ասված է Կրթական քաղաքացիական նախաձեռնության հայտարարության մեջ:

Հայտարարությունում ասվում է.

«Սույն թվականի դեկտեմբերի 13-ի նիստում ՀՀ կառավարությունը որոշեց Կրթության եւ գիտության նախարարությանը հատկացնել 111,399 մլն դրամ, որը կազմում է մոտ 230,000 ԱՄՆ դոլար՝ հետեւյալ ծրագրերի իրականացման համար.

✔️ 11 մլն 604 հազար դրամ մշակութային վայրեր այցելելու աշակերտական աբոնեմենտային համակարգի ստեղծման եւ ներդրման համար:

✔️ 82 մլն 795 հազար դրամ մշակույթի նախարարության հետ համատեղ «Քո արվեստը դպրոցում» (50մլն դրամ) եւ «Դասական երաժշտությունը դպրոց «Դաս A» (32,795 մլն դրամ) ծրագրերի իրականացման նպատակով:

✔️ 17 մլն դրամ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստանախագծի 2019 թվականի չորս եթերաշրջանների համար նոր արտոնագիր ձեռք բերելու նպատակով:

Կրթական քաղաքացիական նախաձեռնությունն իր մտահոգությունն է հայտնում կրթության ոլորտում հրատապ լուծումներ պահանջող խնդիրների առկայության պարագայում նման ծրագրերի իրականացման համար բյուջետային միջոցների հատկացման վերաբերյալ հետեւյալ պատճառներով.

-Հիշյալ ծրագրերի մանրամասն նկարագրությունը, ներառյալ՝ բյուջետային միջոցների բաշխման եւ տնօրինման մանրամասները, նախքան որոշման կայացումը չեն հրապարակվել եւ դրվել հանրային քննարկման: Այսինքն, չեն պահպանվել թափանցիկության եւ հաշվետվողականության սկզբունքները:

-ԿՔՆ-ը ողջունում եւ կարեւորում է մշակութային կրթությունը եւ գտնում է, որ այն պետք է մշտապես գտնվի կրթության եւ մշակույթի ոլորտներում քաղաքականություն մշակողների եւ որոշում կայացնողների ուշադրության կենտրոնում: Սակայն, մշակութային վայրեր այցելելու աշակերտական աբոնեմենտային ծրագիրը, որը հաստատվեց Կառավարության կողմից, լիարժեք չէ, քանի որ հասանելի ու մատչելի է հայաստանաբնակ ոչ բոլոր երեխաների համար: Ծրագրի շրջանակում չի նախատեսվում փոխհատուցել աշակերտների եւ նրանց ուղեկցող չափահասների ուղեւորափոխադրման ծախսերը: Հեռավոր եւ սահմանամերձ մարզերում բնակվող երեխաների ու նրանց ընտանիքների սոցիալ-տնտեսական անբարենպաստ պայմանների պատճառով ոչ բոլոր ծնողները կարող են հոգալ ուղեւորափոխադրման ծախսերը: Արդյունքում, առավել աղքատ կամ սոցիալապես խոցելի ընտանիքի երեխաները չեն կարողանա օգտվել ծրագրից եւ ծրագիրը կնպաստի երեխաների միջեւ սոցիալական անարդարության խորացմանը: Բացի այդ, ուղեւորափախդրման համակարգված կազմակերպման մեթոդների եւ մոտեցումների բացակայության պարագայում երեխաների անվտանգ երթեւեկումն ապահովելը բարդ է:

Ավելին, ծրագիրը կարող է հանգեցնել դրամահավաքության նոր ալիքի: Հետեւաբար, առաջարկում ենք ծրագրի բուն իրականացման փուլը սկսելուց առաջ քննարկել եւ կենտրոնացված եղանակով կազմակերպել նաեւ աշակերտների տրանսպորտային ծախսերի փոխհատուցումը՝ ներառյալ համայնքային կամ մարզային բյուջեների միջոցներից:

- «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստանախագծի ֆինանսավորման դեպքում հայտնի չէ, թե որքանով այն կարող է ազդել կրթության որակի բարելավման վրա, ովքե՞ր եւ ի՞նչ ընթացակարգով են մասնակցելու հեռուստախաղին, արդյո՞ք մասնակիցների շարքում են լինելու հայաստանյան բուհերի ուսանողներն ու դասախոսները, որոնք ներկայացնելու են իրենց բուհերը: Այս հարցերը կասկածի տակ են դնում կրթության առանց այն էլ սուղ բյուջետային միջոցներից տվյալ հեռուստանախագծի ֆինանսավորման հիմնավորվածությունը:

Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը կոչ է անում ապահովել ծրագրերի դրույթների եւ բյուջեի վերաբերյալ մանրամասն տեղեկատվության հանրայնությունը, երաշխավորել աշակերտների եւ նրանց ուղեկցող առնվազն 10 աշակերտի համար 1 չափահաս ուղեկցողի ուղեւորափոխադրման ծախսերը՝ առնվազն այցի վայրից 15կմ եւ ավելի հեռավորության դեպքում:

Կոչ ենք անում նաեւ աջակցել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստանախագծի իրականացմանը միայն այն պարագայում, եթե նախագծին կմասնակցեն ուսանողներ եւ դասախոսներ հայաստանյան բուհերից եւ եթե այն որեւէ կերպ կնպաստի կրթության որակի բարելավմանը հայաստանյան բարձրագույն կրթության համակարգում:

Կրթության ոլորտում Կառավարության հետագա գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը բարձրացնելու համար կոչ ենք անում նախաձեռնել հանրային հանդիպումներ ու քննարկումներ՝ նախքան որոշում կայացնելը, եւ պատրաստ ենք ակտիվորեն մասնակցել այդ հանդիպումներին կամ քննարկումներին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ