16 11 2018

Սթափվեք. ԵՊԼՀ դասախոսները՝ ուսանողներին

Սթափվեք. ԵՊԼՀ դասախոսները՝ ուսանողներին

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ուղերձով դիմել է համալսարանի ուսանողությանը: Նրանք կոչ են անում ուսանողրին սթափվել և նորմալ վարք դրսևորել:

Ուղերձում, որը տեղադրված է համալսարանի ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, ասված է. «Մենք՝ Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի դասախոսներս, ցանկանում ենք մեր դիրքորոշումը և վրդովմունքը հայտնել մեր համալսարանի մի քանի ուսանողների՝ նախկին ուսանողական խորհրդի յոթ անդամների շարունակական կեղծ գրառումների և անվայել պահվածքի վերաբերյալ։ Այլևս չենք կարող և չենք ուզում լռել։ Մինչ այժմ լիահույս էինք, որ նրանք կվերանայեն իրենց վարքը և կլծվեն իրենց անմիջական պարտականությունների կատարմանը՝ ուսումնառությանը։ Սակայն, փաստորեն, չափազանց լավատես էինք։

Գրեթե ամենօրյա զրպարտությունն ու կեղծիքը նրանց միակ գործելաոճն է դարձել։Մենք ցավ ենք ապրում, որ Բրյուսովի համալսարան ընդունվելու առաջին իսկ օրվանից նրանց մեջ սերմանվող մշակույթն ու արժեհամակարգը խարխուլ հիմքերի վրա են հայտնվել՝ որոշակի արտաքին գործոնների ազդեցության ներքո։

Մենք ցավ ենք ապրում, որ իր բարեկրթությամբ առանձնացող համաշխարհային արժեքների լավագույն օրինակների վրա ուսանողներին դաստիարակող բուհի ուսանողուհիները, կարող են դեռատի աղջիկներին ոչ վայել նման բառապաշար և պահվածք դրսևորել։Մենք ցավ ենք ապրում, որ մեր ապագա հայ մայրերը կարող են նման կերպ ներկայանալ քաղաքացիական հասարակությանը։Մեր սիրելի ուսանողեր, անսացեք մեր հորդորներին և սթափվեք։

Թույլ տվեք, որ մեծ վաստակ, բարձր վարկանիշ, ուսումնակրթական և գիտական հզոր ներուժ ունեցող ԲՈՒՀ-ը պրոֆեսորադասախոսական կազմով և ուսանողական համակազմով զբաղվի իր առաքելությամբ՝ կրթությամբ և գիտությամբ։ Դուք խաթարում եք բուհի բնականոն աշխատանքը։ Սթափվեք, խնդրում ենք։

Օգտվելով պատեհությունից՝ հայտնենք, որ բոլոր ուսանողներն էլ մեր հոգածության ներքո են»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14.25-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով հիշյալ համալսարանից բուժօգնության է տեղափոխվել 20-ամյա քաղաքացուհի:Նրան, ըստ նախնական տեղեկությունների, ոչ ոք չի վնասել, որևէ մեկի կողմից հարձակում չի եղել, ինչի կապակցությամբ նա ոստիկանությունում տվել է բացատրություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ