Հանրակրթական դպրոցի ղեկավարման իրավունքի հավաստագրման օրերս տեղի ունեցած քննությունների բանավոր փուլը հավակնորդների գերակշիռ մասը չի հաղթահարել: Այս մասին հայտնում է ԿԳՆ-ն:
Երևանի Վ. Բելինսկու անվան թիվ 38 հիմնական դպրոց կատարած այցի ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այս առնչությամբ նշել է, որ հավաստագրման քննություններում ընթացակարգային և բովանդակային փոփոխություններ են կատարվել. «Մենք խստացրել ենք քննությունները, փոխել ենք քննությունների անցկացման ձևը, հարցաշարերում որոշակի փոփոխություն ենք կատարել: Նախկինում այդ քննությունները որոշ իմաստով ձևական բնույթ էին կրում, բայց այժմ բոլոր նրանք, ովքեր կհավակնեն դպրոցի տնօրեն դառնալ, պետք է շատ ավելի լուրջ նախապատրաստվեն: Ինքս նկատել եմ, որ որոշ տնօրեններ, իրենց պարտականություններին չեն տիրապետում և երբեմն կառավարման ոլորտի տարրական գիտելիքներ չունեն: Մենք գտնում ենք, որ բոլոր նրանք, ովքեր ուզում են դպրոցի տնօրեն աշխատել, պետք է լիովին տիրապետեն իրենց լիազորություններին և պարտականություններին»,- նշել է Արայիկ Հարությունյանը:
Անդրադառնալով դպրոցական դասագրքերի խնդրին` նախարարի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ Համաշխարհային բանկի և Եվրոպական Միության աջակցությամբ այժմ մշակվում են նոր չափորոշիչներ, որից հետո անդրադարձ կարվի նաև նոր դասագրքերի հրատարակմանը. «Հանրակրթությունը պահպանողական ոլորտ է և այստեղ փոփոխությունների համար ժամանակ է պահանջվում: Նոր ծրագրերի ներդրման և փորձարկման համար ամիսներ և տարիներ են պետք, մենք անելու ենք առավելագույնը, որ այդ գործընթացները հնարավորինս կարճ տևեն»,- նշել է Արայիկ Հարությունյանը և հավելել, որ որոշ առարկաների ծրագրերում հաջորդ ուսումնական տարվանից փոփոխություններ կլինեն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը