ՀՀ կառավարության հոկտեմբերի 18-ի նիստում որոշում կայացվեց 2018 թվականի պահուստային ֆոնդից 11 մլն դրամ հատկացնել Վարչապետի աշխատակազմին՝ ՀՀ 2017 թվականի «Լավագույն դաստիարակ», «Լավագույն ուսուցիչ» և «Լավագույն տնօրեն» մրցույթների հաղթողներին պարգևատրելու նպատակով:
«Լավագույն դաստիարակ» և «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողներից յուրաքանչյուրին կտրամադրվի 5,2 մլն դրամ, իսկ 600 հազար դրամ կհատկացվի համակարգիչ ձեռք բերելու և «Լավագույն տնօրեն» մրցույթի հաղթողին տրամադրելու նպատակով:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ արդեն 15-րդ տարին է, ինչ լավագույններին խրախուսելու նպատակով անցկացվում են «Տարվա լավագույն դաստիարակ» և «Տարվա լավագույն ուսուցիչ» հանրապետական մրցույթները, որոնց հաղթողները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից պարգևատրվում են ավտոմեքենայով:
Առաջարկվում է Հայաստանի Հանրապետության 2018 թվականի Հայաստանի Հանրապետության Վարչապետի աշխատակազմին հատկացնել 11 մլն դրամ, որից՝ 10,4 մլն դրամը՝ «Լավագույն դաստիարակ» և «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողներին տրամադրելու նպատակով և 600 հազար դրամ` համակարգչի ձեռքբերման նպատակով՝ «Լավագույն տնօրեն» մրցույթի հաղթողին տրամադրելու համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը