27 06 2018

Ես մութ պատմություններ չունեմ, այս ամենը Դեմոյանի կապրիզներն են. Արայիկ Հարությունյան

Ես մութ պատմություններ չունեմ, այս ամենը Դեմոյանի կապրիզներն են. Արայիկ Հարությունյան

Պարոն Դեմոյանը փորձում է այս ամենից շոուներ սարքել, սա նրա կապրիզներն են: Այս մասին նշեց կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության պատմության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Դեմոյանի գրառմանը: Նա նշեց, որ Հայկ Դեմոյանը տնօրեն չէ, որևէ պաշտոն չունի թանգարանում, և անցած տարի դեկտեմբերին որոշում է կայացվել, որ Հայոց ցեղասպանության տուն-թանգարան ՊՈԱԿ-ը դառնում է հիմնադրամ, այնուհետև Հայկ Դեմոյանը երկրում չի եղել:

«Այս տարի հունիս ամսվա սկզբից նա վերադարձել և զավթել է տնօրենի սենյակը, և ես երեկ տեղեկացա, որ նա օգտագործել է տնօրենի մեքենան»,- ասաց նա և նշեց, այս առումով չեն ցանկացել աղմուկ բարձրացնել և զգուշացրել են Հայկ Դեմոյանին, որ այն, ինչ անում է, հակաօրինական է, և իշխանություններն իրավունք ունեն իրավապահ մարմիններին դիմել և վերջ տալ այդ հակաօրինականությանը:

Ինչ վերաբերում է իր՝ թանգարան այցին, ապա նա ասաց, որ ինքը ԿԳ նախարարն է և իրավունք ունի գնալ:

«Այդ սենյակում տեղի է ունեցել իմ հանդիպումը փոխտնօրենի հետ, պարոն Դեմոյանը, ով, այս ստատուսներից երևում է, որ ուշադրության լուրջ կարիք ունի, գրել էր, որ ինչ-որ խնդիրներ կան ինստիտուտում»,-ասաց նա:

Անդրադառնալով Հայկ Դեմոյանի՝ խայտառակ փաստեր ներկայացնելու վերաբերյալ հայտարարությանը՝ Արայիկ Հարությունյանն ասաց.

«Թե՛ Հովհաննես Հովհաննիսյանը, թե՛ ես մութ պատմություններ չունենք, և որևէ մութ պատմություն չի կարող լինել»:

Ինչ վերաբերում է համբուրվելու կոչին, նախարարն ասաց, որ ակադեմիական շրջանակներին ոչ հարիր պահվածք է, դա չեմ մեկնաբանի: «Անմակարդակություն է»,-ասաց նա:

Հարցին, թե անձնական խնդիր ունեն, նախարարն ասաց, որ Հայկ Դեմոյանին մեկ անգամ է տեսել և նշեց, որ ինքը մտահոգվելու որևէ խնդիր չունի: Նա հայտնեց, որ այսօր դիմել է ոստիկանություն, որ զբաղվեն Դեմոյանի անօրինականությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ