«Այբ» կրթական հիմնադրամի հիմնադիրներից Դավիթ Յանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Այբ» դպրոցի ու ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի բանավեճին՝ գրելով.
«Ես ու կինս՝ Ալյոնա Յանը, «Այբ»-ին ենք տալիս մեր ազատ միջոցների մեծ մասը, և նախորդ տարի որոշել ենք Հայաստանի և «Այբ»-ի կրթական նախագծերին 15-30 մլն դոլար հատկացնել՝ մի քանի տարվա հեռանկարով: Փոփոխությունների շունչը, իշխանության փոփոխությունն ու ժողովրդավարական արժեքներն ինձ ու Ալյոնային շատ հոգեհարազատ երևույթներ են: Մենք մեծ հույսով հետևում էինք նորություններին, կարծիքներով փոխանակվում ընկերների հետ:
Բայց կրթության և գիտության նոր նախարար Արայիկ Հարությունյանի անսպասելի մեկնաբանությունները՝ կապված այդ թվում նաև «Այբ»-ի հետ, մեզ բոլորիս խորապես զարմացրին: Եթե Արայիկ Հարությունյանը չփոխի իր վերաբերմունքն «Այբ» հիմնադրամի հանդեպ, ապա ես և Ալյոնան ստիպված կլինենք վերանայել մեր ծրագրերը՝ կապված Հայաստանում կրթական նախագծերում նվիրատվություններ անելու հետ: Լիահույս ենք, որ ԿԳ նախարարն ուշադիր կուսումնասիրի Հայաստանի ամենանշանակալի կրթական նախագծերից մեկի ստեղծման պատմությունն ու կփոխի իր դիրքորոշումը»:
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը պատասխանել է՝ դիմելով «Այբ» դպրոցի աշխատակիցներին ու ուսանողներին.: «Ձեզ այս քննարկումների մեջ ներգրավողին պետք է փնտրել Ձեր շրջապատում։ Կոչ եմ անում էդ սադրանքներին չտրվել։ Ես երեք օր է՝ Հայաստանում չեմ, առաջիկա օրերին պատրաստ եմ հանդիպել Ձեզ հետ ու փարատել Ձեր մտահոգությունները»,- գրել է նախարարը՝ 12-ամյա կրթական համակարգը փակելը համարելով «ֆեյքերի» տարածած լուր:
Հիշեցնենք, որ նախ Արայիկ Հարությունյանն էր իր էջում գրել «Այբ»-ի մասին, որին արձագանքեց հիմնադրամը:
Այնուհետև նախարարը մեկ այլ գրառում արեց՝ նշելով. «Այբի հետ կապված... Հարգելիներս, այսօր հանձնարարել եմ կազմակերպել Արարատյան բակալավրիատի ֆինանսական աուդիտ: Դրա արդյունքներից հետո կխոսենք: Շարունակում եմ համարել, որ Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական Տեր Մեսրոպը հանրակրթության ոլորտին ամենամեծ վնասը հասցրած մարդկանցից է: Այսքանը...»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը