Շիրակի պետական համալսարանում ճգնաժամը կարծես լուծում է ստանում՝ ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականով:
Մայիսի 14-ին և 15-ին համալսարան է այցելել ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: Քննարկումներից հետո լրագրողներին նա հայտարարել է ստեղծված վիճակի լուծման եղանակը. «Ձևավորվելու է նոր խորհուրդ, որը մեր վերահսկողությամբ, օրենքի տառին համապատասխան կանցկացնի ռեկտորի նոր ընտրություններ: Երեկ հանդիպում եմ ունեցել ռեկտոր Մինասյանի հետ, այսօր նույնպես առանձնազրույց ենք ունեցել և մենք այս իրավիճակից դուրս գալու մեկ լուծում ենք գտել: Ինձ համար այս պրոցեսում անընդունելի էր ոչ ակադեմիական մթնոլորտը, երբ փոխադարձ վիրավորանքների պայմաններում քննարկվում էին Շիրակի պետական համալսարանի ներքին խնդիրները: Այսօր ռեկտորի պաշտոնակատար կնշանակվի Երվանդ Սերոբյանը՝ ռեկտորի տեղակալը»:
Ռեկտորի պաշտոնակատարին նախարարը հանձնարարեց դիտարկել հեռացված դասախոսների վերադարձի հարցը:
Հիշեցնենք, որ տևական ժամանակ է, ինչ Շիրակի պետական համալսարանում դասադուլներ են՝ ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականի պահանջով:
Մայիսի 14-ին հրաժարական տվեց համալսարանի խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանը, որն ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ է, Շիրակի նախկին մարզպետը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը