ԲԴԽ նախագահի տաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հունվարի 27-ին մի էքսցենտրիկ նշանակում է արել, որով մեծ խուճապ է առաջացրել ողջ դատական համակարգում: Այս նշանակումից հատկապես տարակուսած են դատավորի պաշտոնի հավակնորդները:
Բանն այն է, որ Ջհանգիրյանը Բարձրագույն դատական խորհուրդ է ներմուծել սկանդալային պատմություններով հայտնի բլոգեր Մարինա Պողոսյանին, և ամենաաբսուրդայինը՝ սույն տիկինն էլ, ֆիզիկ Դանիել Իոաննիսյանի նման, մասնագետ չէ, սակայն աշխատելու է որպես իրավաբան-փորձագետ: Հաշվապահի մասնագիտությամբ Ժողինստիտուտն ավարտած տիկինն այսուհետ այն երկու փորձագետներից մեկն է, ով ի պաշտոնե իրավունք է ունենալու ասելու՝ ով դառնա դատավոր, ով ոչ: Ջհանգիրյանն, ըստ տեղեկության, Պողոսյանին օժտել է դատավոր ընտրելու խիստ պատասխանատու իրավունքով:
Այսինքն` Մարինա Պողոսյանը, մյուս փորձագետ` ոմն Վիտալի Կասկոյի հետ միասին լիազորված են լինելու քասթինգ անցկացնել դատավորների թեկնածուների միջև ու իրենք որոշեն՝ ով է հավակնորդներից «ամենաիրավաբանը» և, ի վերջո, կարո՞ղ է դառնալ դատավոր, թե՞ ոչ:
Խնդիրը նրանում է՝ նախ հայտնի չէ, թե ո՞վ է այդ Վիտալի Կասկո՝ փորձագետը, նրա մասին ոչինչ հայտնի չէ, ոչ մասնագիտական, ոչ հանրային տիրույթում։ Մյուս խնդիրը նրանում է, որ երկար տարիներ մասնագիտական շրջանակները՝ փաստաբաններ, իրավապաշտպաններ, դատավորները և այլ, փորձում էին հասկանալ, թե սկանդալային հայտարարություններով հայտնի Մարինա Պողոսյանն ու՞մ հետ է կապի մեջ, այսպես ասած՝ «ու՞մ մարդն է»։
Այսպիսով, կարելի է ասել, որ բացահայտվեց նաև այդ կապը։ Հիշեցնենք, իրավաբանի կրթություն չունեցող բայց իրավապաշտպան ներկայացող, երբեմն էլ փաստաբանություն անող սույն տիկինը հեղափոխությունից հետո երկար ժամանակ ակտիվորեն լծվել էր ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին սուր քննադատելու գործին, ընդ որում՝ սկանդալային լուրեր տարածելով։ Իսկ դա մեծ հաշվով ապացուցում է, որ Մարինա Պողոսյանը ինքնազոհաբերվում էր Վարդազարյանի պաշտոնանկության ու Ջհանգիրյանին այդ պաշտոնին բերելու համար, և այսօր այդ ամագի դիմաց չիրավաբան տիկինը ճոխ կվարձատրվի՝ մեր, հարկատուներիս հաշվին ԲԴԽ-ում պաշտոն ստանալով:
Սյուզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը