26 01 2022

Հովսեփյանի կալանքը երկարաձգելու դեմ բողոքը Արմեն Դանիելյանն է քննելու

Հովսեփյանի կալանքը երկարաձգելու դեմ բողոքը Արմեն Դանիելյանն է քննելու

NEWS.am-ը գրում է․ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ բողոք է ներկայացվել, որը Վերաքննիչ քրեական դատարանի նախագահը մակագրել է դատավոր Արմեն Դանիելյանին։

Հովսեփյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ պաշտպանական կողմը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է հայտնել, որի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 9։30-ին։

«Արմեն Դանիելյանի անձը հաշվի առնելով՝ բնականաբար, ինքնաբացարկի միջնորդությունը կմերժի եւ կշարունակի գործի քննությունը, իսկ մենք նրա նախագահությամբ որւեէ տեսակի՝ այդ թվում խափանման միջոցի հարցի քննությանը մասնակցելն արժանի չենք համարում։ Եթե մերժվեց, չենք մասնակցելու հետագա նիստին, բողոքի քննությունը մեր բացակայությամբ կանցկացնի եւ արդյունքում կմերժվի, եւ ոչ թե այն պատճառով, որ այն հիմնավոր չէ, այլ որ գործ ունենք Արմեն Դանիելյանի հետ, որը ոչ թե արդարադատությունն է մարմնավորում, այլ ՀՀ դատախազությանը»,- նշեց Ալեքսանյանը։

Պաշտպանական կողմը քրեական գործը դատարանի նախագահի կողմից ձեռքով, այն էլ՝ հենց Արմեն Դանիելյանին մակագրելն ապօրինի է համարում։

«Դա պատահակն չէ, եւ հենց այդ հարցն ենք բարձրաձայնել ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացնելու ժամանակ, ինքը որեւէ ողջամիտ պատասխան չի տվել եւ չի կարող տալ, քանի որ դատարանի նախագահի կողմից գործը ձեռքով մակագրելը չի կարող իրավաչափ համարվել, ՄԻԵԴ-ի որոշման ու չափորոշիչների համատեքստում դատարանն օրինական չի կարող հանդես գալ, քանի որ եվրոպական ստանդարտներից ելնելով՝ այդ մակագրությունները պետք է էլեկտրոնային լինեն, որովհետեւ հենց դա է բնորոշում անաչառությունն ու վերացնում կասկածները, բայց ՀՀ-ում վեց ամսից ավելի է՝ դատարանների նախագահներն են քրեական գործերը ձեռքով մակագրում, որոնք իրավաչափ հիմք չեն կարող ունենալ։

Առուշ Առուշանյանի, Մանվել Փարամազյանի, նաեւ՝ Աղվան Հովսեփյանի գործերով բողոքարկումները նույն անձանց են մակագրվում՝ Արմեն Դանիելյանին, Մհեր Արղամանյանին, Հարություն Մնացականյանին, այսինքն, կոնկրետ ընտրված դատավորների, դա ո՞նց կարող է պատահական լինել, տեսե՞լ եք, որ նման ոչ ստանդարտ գործերը, օրինակ, Ալեքսանդր Ազարյանին, Արշակ Վարդանյանին, Սերգեյ Մարաբյանին մակագրվեն, բնականաբար՝ ոչ։ Դատարանի նախագահը երբեք նման գործերն այս դատավորներին չեն մակագրի, ոչ թե նրա համար, որ դատական ակտերը կբեկանվեն, եւ տվյալ մարդիկ ազատ կարձակվեն, այլ վստահ են, որ այս դատավորները հարցին օբյեկտիվ են նայելու, եւ դրա արդյունքում, բնականաբար, նման որոշում պետք է կայացվի»,- նշեց Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է սեպտեմբերի 7-ին՝ առավոտյան։ Նախաքննական մարմինը շուրջ 1.5 տարի քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել Հովսեփյանին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից բավարարվել է։ Ընդ որում՝ մոտ 45 տարի իրավապահ կառույցներում ամենաբարձր ղեկավար պաշտոններ զբաղեցրած Աղվան Հովսեփյանին նախաքննական մարմինը չի կարողացել իր ծառայական գործունեության հետ կապված որևէ ապօրինություն մեղսագրել։ Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, ենթադրյալ փողերի լվացման հատկանիշներով։

Կալանավորման որոշումը կայացնելիս դատարանն արձանագրել է, որ քննությունից թաքնվելու հավանականություն առկա չէ, բայց որպես կալանավորման հիմք վկայակոչել Հովսփեփյանի նախկինում զբաղեցրած բարձր պաշտոնները՝ այն նկատառմամբ, որ նա կարող է ազդել գործի քննության վրա՝ առանց փաստացի օրինակ ներկայացնելու։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ