30 09 2021

Իրավական գնահատական՝ պատվաստումների պարտադրման վերաբերյալ

Իրավական գնահատական՝ պատվաստումների պարտադրման վերաբերյալ

Հարցազրույց «Ջեյ-Փի» Փաստաբանական գրասենյակի տնօրեն Իրմա Ճաղարյանի հետ

Տիկին Ճաղարյան, քաղաքացիների մեծ մասը դեմ է կորոնավիրուսի դեմ պատվաստմանը, դա է վկայում այն, որ բնակչության ընդամենը 10 տոկոսն է մինչ օրս պատվաստվել։ Արդյո՞ք անվնաս է պատվաստումը և ի՞նչ գնահատական ունեք առողջապահության իրավաբան նախարարի վերջին հրամանին, որով, փաստորեն, պատվաստումը պարտադիր բնույթի էֆեկտ է ստանում։

Հաշվի առնելով հանգամանքը, որ չեմ հանդիսանում ոլորտի մասնագետ և իմ մասնագիտությունն ինձ թույլ չի տալիս վերջնական դատողություններ կատարել պատվաստանյութի, դրա բաղադրության, ազդեցության կամ հետևանքների վերաբերյալ, չեմ ցանկանում անդրադարնալ հարցի այդ կողմին: Ուստի կցանկանամ անդրադառնալ հարցի իրավական կողմին՝ ընդգծելով որոշակի առաջնային խնդիրներ, որոնք էական նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակում:

Առաջին և ամենաարդիական հարցերից մեկը վերաբերելի է ՀՀ Առողջապահության նախարարի կողմից վերջերս կայացված որոշմանը, որով սահմանվում է, որ հոկտեմբերի 1-ից աշխատակիցները կա՛մ պետք է պատվաստվեն, կա՛մ էլ երկու շաբաթը մեկ անգամ հանձնեն ՊՇՌ թեստ: Նշվածի վերաբերյալ մեզ հարցերով են դիմում մեր՝ «Ջեյ-Փի» Փաստաբանական գրասենյակի անխտիր բոլոր վստահորդները, ինչպես նաև անթիվ-անհամար զանգեր և նամակներ ենք ստանում քաղաքացիներին, ովքեր խնդրում են խորհրդատվություն տրամադրել նշյալ որոշման շրջանակներում:

Իրավաբանության տեսանկյունից ես այդ որոշումը դիտարկում եմ որպես անուղղակի պարտադրանք:

Բայց քաղաքացուն հնարավորություն է ընձեռնվում ընտրություն կատարելու թեստի և պատվաստանյութի միջև։

Ֆորմալ առումով՝ այո, այս ակտով հնարավորություն է ընձեռնվում քաղաքացուն ընտրել՝ պատվաստվել կամ հանձնել ՊՇՌ թեստ։ Բայց միաժամանակ՝ հաշվի չեն առնվում մի շարք հանգամանքներ: Օրինակ, եթե սոցիալ-տնտեսական տեսանկյունից դիտարկենք հարցը, ապա անձը, ով ստանում է նվազագույն աշխատավարձ, օբյեկտիվորեն հնարավորություն չի ունենա ամսվա ընթացքում 2 անգամ կատարել թեստավորում, քանի որ յուրաքանչյուր թեստավորման արժեքը 15.000 ՀՀ դրամ է, ինչը նշանակում է, որ ստացված եկամտի ուղիղ կեսը վերջինս ստիպված է լինելու ծախսել թեստավորմնան վրա: Մինչդեռ պատվաստումն իրականացվում է անվճար: Արդյունքում ստացվում է, մենք՝ նախատեսելով այլընտրանքային տարբերակ, նման այլընտրանքի հնարավորություն չենք ընձեռում քաղաքացիներին:

Միաժամանակ ես պատահական չէ, որ շեշտադրում կատարեցի երկու միջոցառումների գնային տարբերության վրա, քանի որ տվյալ իրավիճակում մենք ակնհայտորեն ունենք անհավասար և խտրական մոտեցում պատվաստվող և թեստավորվող անձանց միջև:

Իրավացիորեն, կցանկանայի հղում կատարել ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Վարդևանյանի դիրքորոշմանը, որը վերջինս հնչեցրել էր Առողջապահության նախարարի նշյալ որոշման առնչությամբ առ այն, որ եթե պետությունը աշխատողի վրա դնում է նմանատիպ պարտականություն, ապա վերջինս պարտավորվում է նաև որոշակիորեն սուբսիդավորել այդ ծախսերը: Իրականում, ես համակարծիք եմ պարոն Վարդևանյանի դիրքորոշման հետ, քանի որ եթե թեստավորման հասանելիությունը ապահովվի պետության կողմից, ապա այդ որոշման կատարման հետ կապված՝ այդ մասով ես որևէ խնդիր, ըստ էության, չեմ տեսնում:

Մինչդեռ նման անուղղակի պարտադրանքը, որի վերջնակետը ամեն դեպքում պատվաստումն է՝ կամա թե ակամա, իրենից ենթադրում է անձի սահմանադրական իրավունքների և ազատությունների խախտում:

Բացի այդ, որոշումը սահմանում է ՊՇՌ թեստի հանձնում ամսվա ընթացքում 2 անգամ: Նշվածի կապակցությամբ նախ փոքրիկ տեսական նկատառում կցանկանայի կատարել: Ըստ էության, իրավաբանությունը հանգում է նրան, որ ցանկացած իրավական կարգավորում ոչ միայն պետք է ընդունվի օրենքով սահմանված մարմնի կողմից, այլև պետք է ունենա տրամաբանություն և հետապնդի օրինաչափ նպատակ: Տվյալ իրավիճակում, ենթադրաբար, որոշման նպատակը հանրային առողջության ապահովումն են: Բայց հարց է առաջանում, իսկ որքանո՞վ է կիրառվող միջոցը ծառայում սահմանված նպատակներին, արդյո՞ք որոշմամբ սահմանված պահանջը տրամաբանական է: Այսինքն, եթե ես այսօր հանձնեմ ՊՇՌ թեստ, որի արդյունքը կլինի բացասական, ես երկու շաբաթ կարող եմ հանգիստ գալ աշխատանքի, մինչդեռ առկա է հավանականություն, որ թեստավորումից օրեր անց ես կվարակվեմ, բայց արդեն թեստավորման պարտականություն չեմ ունենա, ուստի կվարակեմ շրջապատիս անձանց: Ուստի սահմանված միջոցը չի արդարացնում նպատակը:

Նշվածի համատեքստում ինձ մոտ առաջանում է համոզմունք, որ որոշումը չի բխում օրենքի տրամաբանությունից և չի ծառայում սահմանված նպատակներին, այն ինքնանպատակ է և ես դիտարկում եմ որպես քաղաքացու իրավունքների և ազատությունների նկատմամբ անհամաչափ ներազդման միջոց: Այո, ես համարում եմ, որ ներազդեցությունը քաղաքացու իրավունքներին անհամաչափ է, քանի որ առկա չեն նման ազդեցության համար անհրաժեշտ նախադրյալները և պայմանները:

Իսկ ինչպե՞ս եք վերաբերում պատվաստվելուն՝ որպես պարտադրանք։

Պատվաստվելու՝ պետության կողմից պարտադրանքի մոտեցմանը կտրականապես դեմ եմ մի քանի հանգամանքներից ելնելով:

Առաջինը և ամենակարևորն առողջապահական իրավունքում ամենակիրառելի և համապարտադիր կանոնն է՝ բժշկական միջամտության և/կամ օգնության, սպասարկման իրականացումը քաղաքացու տեղեկացված համաձայնության առկայության պարագայում միայն:

Սա նշանակում է, որ երբ քաղաքացին բժշկին է դիմում որևիցե խնդրով և բժիշկը, ենթադրենք, առաջարկում է վերջինիս խնդրի լուծման տարբերակ, նա պարտավորվում է պացիենտին ներկայացնել հետազոտությունների վրա հիմնված արդյունքների՝ քաղաքացու առողջական վիճակի վերաբերյալ ամբողջական պատկերը, ներկայացնել բոլոր հնարավոր բուժման տարբերակները՝ դրանց թե՛ հետևանքների, թե՛ նյութական մասին և թե՛ հնարավոր բարդացումների մանրամասն նկարագրությամբ, որից հետո միայն վերջինս կարող է ծանր ու թեթև անել բժշկի կողմից իրեն տրամադրված տեղեկությունը և կայացնել որոշում: Միայն ամբողջական տեղեկատվության հիման վրա կայացված որոշումն է համարվում տեղեկացված համաձայնություն, իսկ բժշկի կողմից իրականացված գործողությունները՝ իրավաչափ:

Մինչդեռ պետք է նկատեմ, որ պատվաստմանը վերաբերելի կանոնակարգերը և իրավական ակտերը ընդունելիս որևէ ուշադրություն ՀՀ Առողջապահության նախարարության կողմից տեղեկացված համաձայնության սկզբունքի պահպանմանը, չի դարձվել: Ստացվում է՝ անձը կարող է ունենալ որոշակի առողջական խնդիրներ, որոնց մասին բժիշկը տեղեկացված չլինի՝ իր համար պարտադիր օրենսդրական կարգավորումների ուժով, բայց իրականացնի պատվաստում, որի հետաևանքով էլ կարող են վրա հասնել որոշակի բացասական հետևանքներ, ընդհուպ մինչև մահ:

Այսպես, բժիշկների վրա դրված է պարտականություն ցանկացած իրավիճակում, երբ իրենց դիմում է քաղաքացին իրականացնել պատվաստում՝ առանց անձի առողջական վիճակի վերաբերյալ որևէ տեղեկատվություն ձեռք բերելու, առանց որևէ հետազոտություն իրականացնելու, որը պայմանավորված է այն հանգամանքով, որ բժշկական ոլորտի աշխատակիցը կաշկանդված է իր գործունեությունը, իր ոլորտը կարգավորող նորմերով՝ օրենքներով և ենթաօրենսդրական ակտերով: Եվ քանի որ բժշկի վրա դրված է պարտականություն իրականացնել պատվաստում, միաժամանակ սահմանված չէ լիազորություն կամ իրավունք՝ իրականացնել տեղեկացված համաձայնության սկզբունքի ապահովմանն ուղղված անհրաժեշտ գործողությունները, վերջինս շատ հաճախ կարող է հայտնվել իր համար անբարենպաստ իրավիճակում, որի պատասխանատվությունն ակամայից ընկնում է բժշկի վրա, բայց որի մեղավորությունը նրանը չէ:

Այսպես, եթե առաջանում են որոշակի խնդիրներ, պատասխանատվության է կանչվում պատվաստում իրականացրած բժիշկը, մինչդեռ տվյալ իրավիաճակում անձը, ով պարզապես կատարել է օրենսդրորեն իր վրա դրված պարտականությունը, չի կարող նման պայմաններում պատասխանատվություն կրել: Կաշկանդված լինելով օրենսդրորեն իրեն վերապահված լիազորություններով, բժիշկը զրկված է որևէ այլ կողմնակի՝ օրենսդրորեն չամրագրված գործողություն իրականացնելու իրավունքից, ուստի գտնում ենք, որ սա առողջապահության նախարարության լուծման ենթակա հարցերից մեկն է, որը պետք է առաջնային բնույթ կրի:

Հակառակ իրավիճակում բժիշկները, ովքեր ակամայից ընկնում են որոշակի դատական գործընթացների մեջ, պարտադրված են լինում ընդունել մեղքը կամ գնալ հաշտության տուժած անձի հետ, քանի որ հակառակ իրավիճակում վերջինս ընկնելու է երկարատև դատական քաշքշուկների մեջ: Մինչդեռ պատշաճ կարգավորումների պարագայում բժիշկները կկարողանային զերծ մնալ համանման տհաճ իրավիճակներից:

Բայց կորոնավիրուսից մահվան դեպքերը շատ մեծ են, իսկ պատվաստման պարագայում մահվան դեպքեր Հայաստանում պաշտոնապես հաստատված չեն։

Ըստ Առողջապահության նախարարի, մահվան ելքերը պատվաստման դեպքում ավելի նվազ են, քան վարակվածների, ամեն դեպքում, անհնար է բացառել այն իրավիճակը, որտեղ անձի օրգանիզմի յուրահատկություններով պայմանավորված պատվաստանյութն ունենա բացասական հետևանքներ, որի մասին փաստում եմ ոչ թե ես, այլ մի շարք վարակաբաններ և բժշկական ոլորտի մասնագետներ: Նման պարագայում, երբ մենք հստակ չունենք որևէ տեղեկատվություն պատվաստանյութի ազդեցության, դրա հեռահար հետևանքների, հնարավոր հակացուցումների մասին, պարզապես անթույլատրելի է պատվաստման պարտադրանքը: Նշվածը հակասում է ոչ միայն կամքի ազատությանը, այլև կյանքի և առողջության անօտարելի և բացառիկ իրավունքին:

Այստեղ ոչ միայն զուտ պատվաստվել-չպատվաստվելու հարցն է, այլև ավելի սուր է դրված աշխատանքը կորցնելու վախը։

Աշխատանքային իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքով առաջնահերթ:

Վերջերս Շատ հաճախ շահարկվում է Ձեր նշած հարցը՝ եթե աշխատողը չպատվաստվի, գործատուն իրավունք ունի վերջինիս հեռացնել աշխատանքից: Հարկ եմ համարում նշել, որ գործատուն չունի նման իրավասություն, քանի որ աշխատակցին աշխատանքից հեռացնելու հիմքերը իմպերատիվորեն և սպառիչ սահմանված են ՀՀ աշխատանքային օրենսգրքով: Չի կարող ենթաօրենսդրական ակտով, այն է՝ առողջապահության նախարարի որոշմամբ սահմանվել աշխատանքից ազատման հիմք:

Ուստի հորդորում եմ աշխատակիցներին, ովքեր մտավախություն ունեն աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ, պարզապես պարտաճանաչ ներկայանալ աշխատանքի և պատշաճ կատարել աշխատանքային պայմանագրով ստանձնած պարտավորությունները: Չի կարող լինել նման իրավիճակ, որտեղ աշխատակիցը հեռացվի աշխատանքից՝ օրենսգրքով չսահմանված հիմքով:

Դուք դե՞մ եք պատվաստմանը։

Պատվաստումներին ես՝ որպես իրավաբան, դեմ չեմ, սակայն պատվաստանյութը պետք է պատրաստվի և շրջանառվի միջազգայնորեն դրա համար սահմանված պահանջներին և ժամկետներին համապատասխան, պետք է պարզ լինի դրա ազդեցությունը և հնարավոր հեռահար հետևանքները, այն պետք է աշխատի համավարակի դեմ՝ չեզոքացնելով դրա տարածումը, այլ ոչ թե պատվաստվելուց հետո մարդիկ նորից վարակվեն, ինչպես նաև կիրառվող օրեսնդրական միջոցները պետք է լինեն իրավաչափ, համաչափ և տրամաբանական:

Միաժամանակ, որպես «Ջեյ-Փի» Փաստաբանական գրասենյակի տնօրեն, գրասենյակի անունից ցանկանում եմ մեր պատրաստակամությունը հայտնել հարկադրված պատվաստումից տուժած քաղաքացիներին և բուժհաստատություններին: Այսպես, մենք պատրաստակամություն ենք հայտնում իրավական աջակցություն ցուցաբերել այն բոլոր քաղաքացիներին, ում առողջական վիճակը վատացել է պատվաստումից հետո, եթե նման պատվաստումն իրականացվել է հարկադրաբար՝ իրենց կամքին հակառակ: Մենք նաև պատրաստակամություն ենք հայտնում իրականացնել անձանց ներկայացուցչությունը՝ դատական թե արտադատական, աշխատանքային իրավահարաբերություններում, Գործատուի կողմից աշխատանքային պայմանագիրը պատվաստումից հրաժարվելու հիմքով լուծելու պարագայում: Միաժամանակ, մենք պատրաստ ենք օգնության ձեռք մեկնել նաև այն բոլոր բժիշկներին և բժշկական հաստատություններին, ովքեր հայտնվել են պատվաստումների իրականացմամբ պայմանավորված որոշակի կոնֆլիկտային իրավիճակներում՝ առկա իրավակարգավորումների թերացումների և բացթողումների հետևանքով: Ինչպես նաև, մենք պատրաստ ենք օգնել բոլոր այն անձանց՝ քաղաքացիներին և կազմկերպություններին, ում նկատմամբ կկիրառվի վարչական տույժ՝ նշյալ որոշման շրջանակներում:

Հորդորում ենք տեղեկացված լինել Ձեր իրավունքներից և պարտականություններից և պաշտպանել դրանք ցանկացած գնով: Որպես իրավապաշտպան գործունեություն ծավալող կազմակերպություն, մենք Ձեզ կաջակցենք ցանկացած իրավական հարցի շրջանակներում, կտրամադրենք անհրաժեշտ տեղեկատվությունը և կուղղորդենք, որպեսզի Դուք պաշտպանված զգաք Ձեզ Հայաստանի Հանրապետության տարածքում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ