Իր դեմ դատական հայցերի քանակով բոլոր քպ-ականներին գերազանցած Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը, ով այսօր զբաղեցնում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնը, բողոքներից մեկով օրերս խայտառակ պարտություն է կրել դատարանում:
Ավելին, նույն բողոքի հիման վրա դատարնում պարտվել է կնոջը նաև նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նիկոլ Փաշինյանի թիմակից բարձրաստիճան երկու պաշտոնյաներին անցած տարի դատի տված անձը Նորամարգի դպրոցի նախկին տնօրեն Ծովինար Գալստյանն էր, որին այն ժամանակ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը բառացիորեն թույլ չէր տվել հաղթել տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթում:
Օգոստոսի 31-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ամբողջությամբ բավարարել է Ծովինար Գալստյանի հայցապահանջը. ըստ այդմ, չեղյալ է համարվել Արարատի մարզի Նորամարգի դպրոցի տնօրենի մրցույթը և ածանցյալ պահանջով՝ Ավինյանի նշանակած տնօրեն Գոհար Սահակյանը պարտավոր է լքել տնօրենի պաշտոնը: Առաջիկայում, հավանաբար, դպրոցի խորհրդի կողմից կնշանակվի նոր մրցույթ՝ տնօրենի թափուր պաշտոնի համար, եթե, իհարկե, դատարանում ջախջախված Ավինյանի որոշման համար նորից կռիվ չտա իշխանությունը ու չբողոքարկի իր համար խայտառակ ակտը Վերաքննիչ դատարանում:
Ծովինար Գալստյանը, իհարկե, Yerevan.Today-ի հետ զրույցում չթաքցրեց, որ իշխանական օղակներից ստացել է նման ազդակներ, բայց ասում է, որ պինդ է, ու համայնքը կնագնած է իր կողքին: «Ծնողական կոմիտեն, համագյուղացիներս այս մեկ տարին պայքարով անցան, դասադուլներ արեցին, եկան Երևան՝ Կառավարության մոտ բողոքի ցույցեր, ակցիաներ և այլն, դատական ողջ գործընթացին թիկունքս պահեցին ամուր, ինչի համար ես երախտապարտ եմ բոլոր սկզբունքային մարդկանց: Եվ ասեմ՝ չեն ուրացել, 2017-18 թվերին, երբ նոր-նոր էի նշանակվել դպրոցի տնօրեն, գտա մի բարերարի՝ ամերիկահայ Մանուկ Դեգիրմեսյանին, ով 38-40 հազար դոլար ներդրում արեց՝ գյուղի դպրոցը՝ երկու մասնաշենքերով, հիմնովին նորոգելու համար»,-Yerevan.Today-ի հետ զրույցում ասում է Ծովինար Գալստյանը:
Ամեն դեպքում, այս դատական վեճով՝ Նորամարգ գյուղի գործող միակ դպրոցի շուրջ 1 տարի ձգվող լարվածությունն ավարտվեց ու դատարանով ապացուցվեց, որ Գարիկ Սարգսյանի միջամտությամբ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրչով իշխանական թեկնածու Գոհար Սահակյանի նշանակումը եղել է ապօրինի հիմքով, մարզպետը լիազորությունների գերազանցում է թույլ տվել, ինչը նորմալ երկրում իշխանության համար պարտադիր կդառնար պաշտոնանկության առիթ… իսկ այս դեպքում Գարիկ Սարգսյանը, հիշեցնենք, ընդամենը «քայլող երիտասարդ» էր, որ հեղափոխության ուժով դարձավ մարզպետ, պետգույքի կառավարիչ, հիմա էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սանիկ:
«Դատարանը լավ հետազոտել է բոլոր ապացույցները և ճիշտ վերլուծել է՝ իրական ժողովրդավարական սկզբունքներով դպրոցի տնօրենը պիտի ընտրվեր խորհրդի կողմից, բայց քանի որ մարզպետարանի միջամտությամբ կազմից որոշ անձանց վրա ենթադրյալ ճնշումներով բացակայություններ էին արձանագրել, խոչընդոտել մրցույթի անցկացումը, արհեստականորեն հասունացվել էր փոխվարչապետի կողմից նշանակման հիմքը՝ իշխանության համար ցանկալի թեկնածուի օգտին։
Մինչդեռ դպրոցի տնօրենների մրցույթում բացառիկ դեպքերում է փոխվարչապետի նշանակման անհրաժեշտությունն առաջանում, փաստորեն ճնշումներ էին բանեցրել, որ շրջանցեն մրցույթի կարգն ու ֆորմատը անհարգելի բացականերով, իսկ մարզպետն իր լիազորություներից դուրս էր եկել դատարանի գնահատմամբ և բացահայտ բացասաբար վերաբերմունք դրսևորել թեկնածուներց մեկի հանդեպ, դրանով իսկ անօրինական միջամտել տնօրենի նշանակման գործընթացին:
Իրականում մարզպետարանը, բացի խորհրդի կազմում իր թեկնածուներին նշանակելուց և հետագայում անցկացված մրցույթին հաղթածի հետ պայանագիր կնքելուց, այլ գործառույթ չունի, հետևաբար՝ Գարիկ Սարգսյանը լիազորությունները գերազանցել է՝ այդպիսով ընթացակարգային և նյութաիրավական խախտումների է հանգեցրել, ինչի արդյունքում տուժել է համայնքը, դպրոցը և անձը, ում համար հավասար պայմաններ չեն ստեղծել մրցույթի համար»,- պարզաբանում է Ծովինար Գալստյանի փաստաբան Անահիտ Բեգլարյանը:
Սյուզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը