10 08 2021

Աննա Դանիբեկյանի համար ԱԺ նիստին մասնակցելու պատճառով դատարան չներկայանալը հարգելի պատճառ չէ

Աննա Դանիբեկյանի համար ԱԺ նիստին մասնակցելու պատճառով դատարան չներկայանալը հարգելի պատճառ չէ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը կրկին մեկ շաբաթով հետաձգեց ԵԴ/0253/01/19 գործով քննությունը։

Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդեց հետաձգել նիստը՝ նշելով, որ իր պաշտպանյալն այժմ հանդիսանում է 8-րդ գումարման ԱԺ պատգամավոր և մասնակցում է օգոստոսի 2-ին մեկնարկած նստաշրջանին․ օբյեկտիվորեն նա հնարավորություն չունի ներկայանալ դատական նիստին։

Ալեքսանյանը նաև տեղեկացրեց, որ Արմեն Գևորգյանը, «Հայաստան» խմբակցության որոշմամբ, առաջադրվել է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու: Ներկայումս ԱԺ-ում ընթանում է մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունների գործընթացը։ Բացի այդ, «Հայաստան» խմբակցությունը դիմում է ներկայացրել ՍԴ՝ պատգամավորի անձեռնմխելիության հարցի կապակցությամբ։   

Դատարանը ոչ հարգելի համարեց Արմեն Գևորգյանի բացակայությունը, իսկ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդեց դատավարական հարկադրանքի միջոց կիրառել և Գևորգյանին բերման ենթարկել հաջորդ դատական նիստին։ Պաշտպան Ալեքսանյանը հիշեցրեց, որ ներկայումս Արմեն Գևորգյանն ունի նոր կարգավիճակ․ նա անձեռնմխելի է, և հարկադրանքի որևէ միջոց առանց ԱԺ-ի թույլտվության իր նկատմամբ չի կարող կիրառվել։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն, իր հերթին, ընդգծեց, որ ԱԺ-ում ընթացող նիստերը նախատեսված են Սահմանադրությամբ և մեկ անձի որոշմամբ չեն նշանակված։ Բացի այդ, խորհրդարանում նախատեսվում են քվեարկություններ, իսկ ԱԺ փոխխոսնակի ընտրությունները ցույց տվեցին, որ նույնիսկ մեկ անձի բացակայությունը կարող է որոշիչ դեր խաղալ։ «Եթե սա դառնա դատական պրակտիկա, ապա լուրջ քաղաքական գործընթացների վրա ազդեցություն ունենալու մեխանիզմ կարող է դառնալ», - ասաց Ռոբերտ Քոչարյանն՝ առաջարկելով տարանջատել ԱԺ և դատարանի նիստերի օրերը։ 

Դատավոր Դանիբեկյանը հայտարարեց, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել հաջորդ դատական նիստին Արմեն Գևորգյանի ներկայությունն ապահովելու համար և որոշեց նախկին փոխվարչապետին հաջորդ նիստին բերման ենթարկել դատարան։

Այսօրվա դատական նիստը հետաձգվեց մինչև օգոստոսի 17-ը՝ ժամը 13։00-ն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ