Իրավագիտության դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը, անդրադառնալով ԱԺ 8-րդ գումարման առաջին նստաշրջանին «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի կալանքի տակ գտնվելուն, ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Մինչև պատգամավորների կարգավիճակ ձեռք բերելը անձին կալանքի տակ պահելու որևէ իրավական հիմք գոյություն չունի և չէր էլ կարող լինել, դա կհակասեր պատգամավորի սահմանադրական կարգավիճակի էությանը։ Մասնավորապես, նրանք՝ բացառապես պատգամավորության թեկնածուի կարգավիճակում են կորցրել իրենց անձեռնմխելիությունը, ինչը հաղթահարվել է արտախորհրդարանական մարմնի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ (մեկ այլ առիթով կանդրադառնամ այդ որոշման իրավաչափությանը)։ Պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, անձի վրա անվերապահորեն տարածվում են բացառապես պատգամավորի համար Սահմանադրությամբ նախատեսված անձեռնմխելիության կանոնները, դրանք չենք կարող ժամանակավոր կասեցվել, և առնվազն հարիր չէ խոսել մինչ այդ տեղի ունեցած քրեական հետապնդումների շարունակականության մասին (դարձյալ չեմ անդրադառնում այդ քրեական հետապնդումների իրավաչափությանը)։
Մեկ անգամ ևս ուշադիր ուսումնասիրեք Սահմանադրության 96֊րդ հոդվածի 1-ին մասը՝ դրանում միանշանակ ամրագրված է, որ խոսքը ոչ թե պատգամավորի լիազորությունների ժամկետում կատարված արարքի, այլ այդ ժամկետում հետապնդման կարգի մասին է. «Պատգամավորն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել պատգամավորական գործունեության շրջանակներում հայտնած կարծիքի կամ քվեարկության համար»։
Տեղին չէ մատնանշել նաև դատարանի որոշումների, ընդհանրապես արդարադատության իրականացմանն իբր թե միջամտելու անթույլատրելիությանը։ Որևէ դատարան որոշում չի կայացրել, որ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելուց հետո անձը պետք է շարունակի կալանքի տակ մնալ, ավելին՝ այդպիսի իրավական հիմքերի առկայության դեպքում, հենց ԿՊՎ֊ի պետն է պարտավոր, համապատասխան իրավաբանական փաստի՝ մանդատ հանձնելու հիմքով, ազատ արձակել անձին ...»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը