Ձերբակալման իրավաչափության վերաբերյալ իմ կողմից ներկայացված բողոքի քննարկումը մակագրվել է դատավոր Շահվերդյանին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի փաստաբան Գայանե Պապոյանը:
«Վերջինիս կազմից քիչ առաջ զանգեցին ինձ և ասացին, որ բողոքի քննարկումը տեղի է ունենալու վաղը ՝ ժ. 18:30-ին, քանի որ քննիչին հարմար չի մինչ այդ։ Վերջինս դատարանին հայտնել է, որ ծանրաբեռնված աշխատում են։
Դատարանի աշխատակազմին ասացի, որ դատարանը պարտավոր է այս բողոքը քննարկել առաջնահերթության կարգով, քննիչի չներկայանալու հարցը թող դատարանը դատական նիստով քննարկի և որոշի, մինչդեռ կազմից պատասխանեցին, որ դատարանը նաև հերթապահ է, այս պահին այլ գործեր ունի անելու։
Հետաքրքիր է՝ ի՞նչ հույժ կարևոր գործերի մասին է խոսքը, երբ հարցը վերաբերում է անհապաղ քննարկման բողոքին, մարդու ազատության հարցին։
Ինչ վերաբերում է քննիչի դիրքորոշմանը, ապա հիշեցնեմ, որ այս գործով քննաչական խումբ է ձևավորված, որի մեջ մտնում են տասնյակ քննիչներ։
Սա ակնհայտ քաղաքական հետապնդում է, ինչին մասնակից է դարձել նաև ՀՀ ՔԿ-ն։
Իսկ Դատարանից պահանջում ենք կատարել իր պարտականությունը և չտրվել սադրանքներին, չմտնել դրա տակ»,- գրել է փաստաբանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը