ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․
«Դատախազությունը հրաժարվեց ՍԴ երեկվա որոշումը մեկնաբանելուց՝ ասելով, որ այն կմեկնաբանի դրա տեքստին ծանոթանալուց հետո: Եվ դա այն դեպքում, երբ նրանք գիտեին ՍԴ ներկայացված դիմումների բովանդակությունը, այդ դիմումների դեմ ներկայացված առարկությունների բովանդակությունը, այդ գործով Եվրոպական դատարանի Մեծ պալատի և Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը:
Սա պրոֆեսիոնալ մոտեցում է. կատեգորիկ գնահատականներ չտալ մի բանի, որի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն դեռ չունես:
Սակայն, այդ նույն որոշման մասին երեկվանից կատեգորիկ կարծիքներ են գրում ու տարածում որոշ մարդիկ, ովքեր անգամ տեղյակ չեն, թե ինչ դիմումներ են քննարկվել ՍԴ-ի կողմից, ինչ առարկություններ են եղել այդ դիմումների վերաբերյալ, ինչ խորհրդատվական կարծիքներ են եղել: Իրավիճակն էլ ավելի տարօրինակ է դառնում, երբ իմանում ես, որ այդ կարծիքները վերաբերում են մի որոշման, որի ամբողջական տեքստը դեռևս չի էլ հրապարակվել և դեռևս կողմերից ոչ մեկը չի ստացել:
Եվ իրավիճակը կրկնակի անգամ տարօրինակ է դառնում, երբ այդպիսի վերլուծություններ են արվում մասնագիտությամբ իրավաբանների կողմից: Ձեզ ձեր ավագ գործընկերները չե՞ն սովորեցրել, որ գործի վերաբերյալ կարծիք չի կարելի կազմել (առավելևս՝ կարծիք հայտնել)՝ նախքան բոլոր նյութերն ուսումնասիրելը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը