15 03 2021

«Ղարաբաղ Տելեկոմի» ոչ իրավաչափ բռնագրավումը

«Ղարաբաղ Տելեկոմի» ոչ իրավաչափ բռնագրավումը

Արցախյան երկրորդ պատերազմի առաջին իսկ օրերին, Արցախի Հանրապետության նախագահի որոշմամբ «Ղարաբաղ Տելեկոմ»-ի կառավարման լիազորությունները փոխանցվել են Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությանը: Փաստացի արդեն վեց ամիս է, որ այդ օտարերկրյա ներդրումներով ընկերության կառավարումը պետական է և դեռ հայտնի չէ ինչ ճակատագրի կառժանանան Լիբանանյան այս ներդրումը, որը, իմիջայլոց, մուտք է գործել Արցախ 2002 թվականին (ավելի քան 50 միլիոն ԱՄՆ դոլար)։  

 Այստեղ առաջանում եմ մի շարք անվտանգային և իրավական հարցեր, որոնց պատասխանները մնում են առկախված, օրինակ`. 

  1. որո՞նք են եղել իրական պատճառները, որոնց հիման վրա «Ղարաբաղ Տելեկոմ» -ի կառավարումը անցել է պետությանը,
  2. արդյո՞ք Արցախի Հանրապետության նախագահի կողմից կիրառված միջոցառումները (ազգայնացումը կամ բռնագրավումը) եղել են իրավաչափ,
  3. արդյո՞ք «Ղարաբաղ Տելեկոմ»-ի բաժնետերը պետք է ստանար փոխհատուցում Արցախի Հանրապետության նախագահի գործողությունների արդյունքում,
  4. ո՞վ է ներկայումս տնօրինում «Ղարաբաղ Տելեկոմ»-ի շահույթը։

 Այսպես` հոկտեմբերի 2-ի Արցախի Հանրապետության նախագահի կողմից ընդունված հապճեպ միջոցառումները «Ղարաբաղ Տելեկոմ» -ի նկատմամբ հավասարազոր են բռնագրավման (expropriation), չնայած, որ ԼՂՀ-ի օրենդրությունը հստակ արգելում է ազգայնացնել կամ բռնագրավել օտարերկրյա ներդրումները, առանց որևէ բացառության: Այնուամենայնիվ, պետք է նշել, որ միջազգային իրավունքում բռնագրավումը որպես բացառիկ միջոց թույլատրվում է, երբ դա արվում է (1) հասարակության շահերից ելնելով, (2) օրենքով սահմանված կարգով, (3) առանց խտրականության և (4) դրա դիմաց կատարելով շտապ, համարժեք և արդյունավետ փոխհատուցում (նույնիսկ զինված հակամարտության արդյունքում):

 Փաստացի, «Ղարաբաղ Տելեկոմ»-ի հապճեպ բռնագրավումը եղել է ոչ իրավաչափ, այսինքն` հակասել է թե´ ներպետական օրենսդրությանը, թե´ միջազգային իրավունքին, քանի որ Արցախի Հանրապետության նախագահի կողմից չեն պահպանվել վերընշված չորս նվազագույն պահանջները (օրինակ` առկա չեն նաև բռնագրավման մանրամասն հիմնավորումները)։ Նույն իրավական պահանջները ամրագրված են նաև 1995 թվականին Հայաստանի և Լիբանանի միջև կնքված ներդրումների փոխադարձ պաշտպանության համաձայնագրով, որը կիրառվում է բռնագրավման գործընթացին։ Ավելին, այդ նույն միջազգային փաստաթղթով փոխհատուցման գումարը և տոկոսները պետք է ներդրողին վճարվեն առանց ուշացման։

 Այսպես, եթե Արցախի Հանրապետության կառավարությունը շարունակի վարել սխալ և անօրինական ներդրումային քաղաքականություն, «Ղարաբաղ Տելեկոմ»-ի ոչ իրավաչափ բռնագրավումը կարժենա ավելին քան 100 միլիոն ԱՄՆ դոլար, որի բեռը կրելու են հայկական երկու հանրապետությունների հարկատուները։ Հաշվի առնելով հետպատերազմյան ծանր իրավաճակը և մարտահրավերները, Արցախը իրավունք չունի կատարել նույն անդառնալի սխալները կամ կատարել ոչ հայանպաստ քայլեր, ինչ որ շարունակաբար անում է Հայաստանի գործող կառավարությունը, օրինակ` Լիդիան Արմենիա, Սանիթեք, Գեոպրոմայնինգ Գոլդ և այլ ներդրողների դեպքում։ Հայաստանի գործող կառավարության սխալների արդյունքում ոչ միայն աննախադեպ բարձրացել է «երկրի ռիսկը» (country risk), այլև վերը նշված ներդրողները Հայաստանի դեմ ներկայացրել են կամ կներկայացնեն մի քանի միլիարդ դոլարի հասնող վնասի փոխհատուցման հայցեր միջազգային ատյաններում, որի բեռը, իհարկե, նունպես կրելու են հարկատուները։ Ակնհայտ է, որ սկսած 2018 թվականից Հայաստանի գործող կառավարությունը շարունակաբար վատթարացնում է երկրի գործարար և ներդրումային միջավայրը, որը հաստատում են վերջին տարիների վիճակագրական թվերը և միջազգային կառույցների զեկույցները։

 

Սարգիս Գրիգորյան, GPartners իրավաբանական ընկերություն

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ