22 12 2020

Հայաստանը ներգրավված չէ Սոթքի հանքավայրի բանակցություններին. Սարգիս Գրիգորյան

Հայաստանը ներգրավված չէ Սոթքի հանքավայրի բանակցություններին. Սարգիս Գրիգորյան

Այսօր Հայաստանի վարչապետը հրապարակել է Սոտք գյուղի սահմանագծերի նկարագրությունը, որը կրկին փաստում է, որ գործող իշխանությունները կամ չունեն կարողություն պաշտպանելու երկրի շահերը կամ նրանց քայլերը նպատակաուղղված են ի վնաս պետությանը։

Վարչապետը իրավունք չուներ տրամադրել ադրբեջանական կողմին ապացույց, որով, ըստ էության, կարող է հաստատվել, որ Հայաստանը տրամադրել է թույլտվություն շահագործելու մի հանքավայր, որը ներպետական օրենսդրության համաձան չի գտնվում իր տարածքում։ Այսինքն` օրվա իշխանությունը դիտավորյալ հնարավորություն է տալիս թե Ադրբեջանին և թե օտարերկրյա ներդրողներին ներակայացնելու փոխհատուցման ահռելի պահանջներ Հայաստանի դեմ։

Ավելին, պարզվում է` տևական ժամանակ է` Գեոպրոմայնինգ Գոլդ ընկերության բաժնետերերն ուղղակի բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ Սոթքի հանքավայրի հետագա շահագործման վերաբերյալ և, ինչպես միշտ, Հայաստանի կառավարոթյունը ներգրավված չէ նաև այդ գործընթացում։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ կողմերի միջև բանակցությունների արդյունքում Ադրբեջանի կառավարությունը թույլ է տվել Գեոպրոմայնինգ Գոլդ ընկերությանը մինչև այս տարվա վերջ շարունակել հանքավայրի մասնակի շահագործումը։ Ադրբեջանական կողմը համառորեն փորձում է Գեոպրոմայնինգ Գոլդ ընկերությունը և իր ներդրումները «իրավաբանորեն» տեղափոխել/փոխանցել Ադրբեջան։ Վստահաբար, այդ երկրի կառավարությունը պատրաստ է ընկերությանը տրամադրել իր ներդրումների պաշտպանության պետական երաշխիքներ, սահմանել հարկային արտոնություններ և այլն։ Փաստացի, Հայաստանի կառավարությունը անտարբերության է մատնել Գեոպրոմայնինգ Գոլդ ընկերության հետագա գործունեությունը։ Ցավալիորեն, Հայաստանի գործող իշխանությունները ձախողեցին ստեղծել բարենպաստ պայմաններ Գեոպրոմայնինգ Գոլդ ընկերության գործունեության համար, ընդ որում նույն ապիկար քաղաքականություն է վարվում այլ ներդրողների և խոշոր ծրագրերի նկատմամբ։

Կառավարությունը չկարողացավ տրամադրել Գեոպրոմայնինգ Գոլդ ընկերությանը արդար և հավասար ռեժիմ ու ապահովել ամբողջական պաշտպանություն և անվտանգություն: Փաստացի, Սոթքի ոսկու հանքավայրի գրեթե ամբողջովին անցավ Ադրբեջանին առանց որևէ փոխհատուցման, որը նախնական հաշվարկներով կարող է կազմել մոտ 2,5 միլիարդ դոլար։ Ինչո՞ւ կառավարությունը չի ներկայացնում որևէ պահանջ ադրբեջանական կողմին կամ ինչո՞ւ չի առաջարկում հանքավայրը շահագործել համատեղ։ Ավելին, առկա են իրական ռիսկեր, որ Հայաստանի գործող իշխանությունների անգործության արդյունքում Սոթքի հանքավայրն ամբողջությամբ անցնի Ադրբեջանին, ինչն, իր հերթին, կարող է առաջացնել վտանգներ շրջակա միջավայրին և մարդկանց կյանքին ու առողջությանը։ Գործող կառավարությունը չի գիտակցում, որ ունի պարտականություններ ապահովելու բնակչության անվտանգությունը և բնության ու շրջակա միջավայրի պահպանությունը։

Հետագայում, եթե Գեոպրոմայնինգ Գոլդ ընկերությունը չշահագործի հանքը Հայաստանի «իրավասության» դաշտում, ընկերությունը կհրաժարվի նաև կատարել համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում իր կողմից ստանձնած պարտավորությունները։ Վերջում պետք է նշել, որ Գեոպրոմայնինգ Գոլդ ընկերությունը, որը 100% օտարերկրյա կապիտալով ընկերություն է, մտնում է Հայաստանի խոշոր հարկ վճարողների առաջին հնգյակի մեջ։

GPARTNERS իրավաբանական ընկերության տնօրեն Սարգիս Գրիգորյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ