Գործող կառավարության անհեթեթ և մոլորեցնող հայտարարությունները նորություն չեն, բայց երեկվա Փաշինյանի նախընտրական «կենացը»` «Այո, այսօր Հայաստանը դրախտ է բիզնեսի համար», աննախադեպ աբսուրդ է և ցինիզմ։ Ողբերգություն է, որ կառավարության ղեկավարի (և ոչ միային) պատկերացումները բիզնես միջավայրի վերաբերյալ սահմափակվում են միայն բիզնեսին ավելացված արժեքի հարկի վերադարձով, որը, ի միջի այլոց, արել են նաև նախորդ կառավարությունները, կամ ՀԴՄ տպելով և այլն։
Հայաստանը պետք չէ դարձնել «դրախտային» – այս երկիրը օֆշորային գոտի չէ – այլ պետք է աշխատել ներդնելու հավասար, կայուն և կանխատեսելի բիզնես միջավայր, որտեղ ներդրումները պաշտպանված են։
Բիզնեսի հետ պետք է խոսել անկեղծ և պարզ…
Փաշինյանի կառավարությունը այդպես էլ չգիտակցեց, որ բիզնեսը գործում է ոչ թե վակումային, այլ մշտապես փոփոխվող միջավայրում, որի վրա ազդեցություն ունեն առնվազն յոթ արտաքին գործոններ (տնտեսական, քաղաքական/իրավական, ժողովրդագրական և այլն):
Սկսած 2018 թվականից Փաշինյանի կառավարությունը թապալել է բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված ռեֆորմները (ներառյալ դատաիրավականը), որը ակնհայտ երևում է թե’ վիճակագրական թվերով և թե’ միջազգային վարկանշային ինդեքսներով (օրինակ` Doing Business և այլն), որտեղ ոչինչ չի փոխվել, և նույնիսկ վատթարացել է։ Ավելին, միջազգային գործընկերները էականորեն նվազեցրել են ֆինանսավորումը թե’ խոշոր ռեֆորմների և թե’ ենթակառուցվածքային ծրագրերի, քանի որ կառավարությունի ունակ չէ արդյունավետ աշխատելու։
Փաշինյանի կառավարության քայլերի արդյունքում մի շարք խոշոր ներդրողներ հրաժարվեցին գործել Հայաստանում, քանի որ կորցրեցին իրենց տասնյակ միլիոնների հասնող ներդրումները, օրինակ Լիդիանից դուրս եկան 8-9 ինստիտուցիոնալ ներդրողներ։ Փաստացի, Փաշինյանի կառավարությունը ձախողեց ապահովելու այդ ներդրումների պաշտպանությունը և ստեղծելու կայուն ու կանխատեսելի ներդրումային դաշտ։
Կառավարության ապիկար գործողությունների արդյունքում Հայաստանի դեմ ներկայացվել են մի քան միլիարդի հասնող պահանջներ տարբեր միջազգային ատյաններում – քանիսը դեռ կներկայացվեն…։ Ավելին, դրա հետ մեկ տեղ, կառավարությունը վճարում է միլիոնավոր դոլարներ իրավաբանական ընկերություններին, որ ապահովվեն ներկայացուցչություններ հենց իրենց սխալների վերացնելու համար, որի բեռը մնում է հարկատուների վրա։
Վստահեմ, որ հունիսի 20-ից հետո նոր կառավարությունը կիրականացնի «Big Bang» ռեֆորմներ բարեփոխելու Հայաստանի գործարար միջավայրը։
Սարգիս Գրիգորյան, GPartners իրավաբանական ընկերություն
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը