19 02 2021

«Սևան» ազգային պարկի պաշտոնյաների նկատմամբ քրգործ է հարուցվել

«Սևան» ազգային պարկի պաշտոնյաների նկատմամբ քրգործ է հարուցվել

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տրամադրած տեղեկատվության եւ ոլորտային օրենսդրության հիման վրա իրականացվել է ծավալուն ուսումնասիրություն՝ Սեւանա լճի էկոլոգիական գոտում առկա օբյեկտների, շինությունների առկայության իրավաչափության կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը:

Հաղրոդագրության մեջ նաեւ ասվում է. «Այդ նպատակով անհրաժեշտ եւ վերաբերելի լրացուցիչ փաստաթղթեր են պահանջվել, ստացվել նաեւ ՀՀ կադաստրի կոմիտեից, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանից եւ «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ից, որոնք ուսումնասիրվել են ոլորտային օրենսդրության հետ համադրությամբ:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Սեւանա լճին հարակից, 1905.0 մետր բացարձակ նիշից ցածր գտնվող տարածքներում 10.08.2020թ.-ի դրությամբ առկա են ընդհանուր շուրջ 110.371 քմ տարածք զբաղեցնող հասարակական ու արտադրական նշանակության 110 կառուցված հիմնական օբյեկտ (շինություն): Դրանցով ծանրաբեռնված հողատարածքների եւ այդ շենքերի նկատմամբ կառուցապատման, վարձակալության եւ սեփականության իրավունքները ձեռք են բերվել 2011-2020թթ.-ի ընթացքում:

Ըստ ՀՀ կառավարության 18.12.2008թ.-ի թիվ 1563-Ն որոշման՝ 1-ին կետի 1-ին ենթակետի եւ 5-րդ կետի 1-ին ենթակետի՝ Սեւանա լճի կենտրոնական էկոլոգիական գոտին  ներառում է «Սեւան» ազգային պարկի լճի ջրային սահմանից մինչեւ 1905.0 մետր բացարձակ նիշը, որտեղ արգելվում է հիմնական օբյեկտների կառուցումը:

Իսկ «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման եւ օգտագործման, նրա ջրհավաք ավազանում տնտեսական եւ այլ գործունեության կարգավորման նպատակով սահմանվում են կենտրոնական, անմիջական ազդեցության եւ ոչ անմիջական ազդեցության էկոլոգիական գոտիներ:

Նույն օրենքով կարգավորվում է, որ կենտրոնական գոտին «Սեւան» ազգային պարկի տարածքն է, որի տարանջատման նպատակն է վերականգնել եւ պահպանել Սեւանա լճի էկոհամակարգի բնական վիճակը` ջրի որակը, լճի եւ ափամերձ ցամաքային տարածքների բնական ու արհեստական լանդշաֆտները եւ կենսաբազմազանությունը:

Այսպիսով, ուսումնասիրությունները վկայում են, որ «Սեւան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի իրավասու պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, չեն կատարել «Սեւան» ազգային պարկի պահպանության իրենց պարտականությունները:

Արդյունքում՝ Սեւանա լճին հարակից, 1905.0 մետր բացարձակ նիշից ցածր գտնվող տարածքներում ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ առկա են ընդհանուր շուրջ 110.371 քմ տարածք զբաղեցնող հասարակական ու արտադրական նշանակության 110 կառուցված հիմնական օբյեկտ (շինություն), որոնցով ծանրաբեռնված հողատարածքների եւ այդ շենքերի նկատմամբ կառուցապատման, վարձակալության եւ սեփականության իրավունքները ձեռք են բերվել 2011-2020թթ.՝ խախտելով «Սեւանա լճի մասին» 15.05.2001թ. –ի ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի նախատեսված՝ Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման եւ օգտագործման նպատակները՝ առաջացնելով ծանր հետեւանքներ:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ պարզվել են ծանր հետեւանքների առաջացմամբ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու հատկանիշների առերեւույթ առկայությունը մատնանշող բավարար տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցել է քրեական գործ: Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ