05 02 2021

Դատարան է ներկայացվել Դատախազության և ՀՔԾ-ի անգործությունը վիճարկելու մասին բողոք. Արա Զոհրաբյան

Դատարան է ներկայացվել Դատախազության և ՀՔԾ-ի անգործությունը վիճարկելու մասին բողոք. Արա Զոհրաբյան

Ինչպես գիտեք, 2020 թվականի դեկտեմբերի 22-ին ավելի քան հարյուր փաստաբաններ, հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, խնդրելով հարուցել քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով (պետական դավաճանությունը) նախատեսված հանցավոր արարքի կատարման փաստի կապակցությամբ։ Հաղորդումը վերաբերում էր մինչև պատերազմը, պատերազմի ընթացքում և պատերազմից հետո տեղի ունեցած այն իրադարձություններին, որոնք առերևույթ վկայում են պետական դավաճանության հնարավորության մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

«ՀՔԾ ավագ քննիչը 04.02.2021թ. գրությամբ տեղեկացրել է, որ՝  դատախազությունը նշված հաղորդումն ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն, ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի 2020 թվականի նոյեմբերի 19-ի հարցազրույցի կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված թիվ 62227420 քրեական գործին կցելու և դրանում նշված հանգամանքների շուրջ քննություն կատարելու համար։

1) քրեական գործ հարուցելու մասին.

2) քրեական գործ հարուցելը մերժելու մասին.

3) հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին:

Առ այսօր դատախազությունից կամ հատուկ քննչական ծառայությունից չենք ստացել այս երեք որոշումներից ոչ մեկը:

Դատախազությունը կամ քննչական մարմինը այս երեք ճանապարհներից մեկը պետք է ընտրեր, այսինքն՝ (1) քրեական գործ հարուցեր, եթե «տեսներ» հանցագործության առիթը և հիմքը, (2) քրեական գործ հարուցելը մերժեր, եթե «չտեսներ» հանցագործության առիթը և հիմքը, կամ (3) հաղորդումը որոշումով ուղարկեր իրավասու մարմնին:

Օրենքով չորրորդ ճանապարհ նախատեսված չէ հանցագործության մասին հաղորդումը քննարկելու ժամանակ:

Մինչդեռ, դատախազությունը և ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ընտրել են չորրորդ ճանապարհը, դիմող փաստաբաններիս զրկելով նշված երեք տեսակի որոշումներից մեկը ստանալու իրավունքից:

Դատախազության և ՀՀ հատուկ քննչական ծառայության անգործությունը վիճարկելու մասին բողոքը այսօր մուտք է արվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Դատարանը բողոքը պետք է քննի 10 օրյա ժամկետում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ