15 01 2021

Բարձրագույն մարմինների որոշումների հիմքում պետք է լինի այն, թե որքանով է դրանով ապահովվում իրավունքի գերակայությունը․ ՄԻՊ

Բարձրագույն մարմինների որոշումների հիմքում պետք է լինի այն, թե որքանով է դրանով ապահովվում իրավունքի գերակայությունը․ ՄԻՊ

Տնտեսական ու տրանսպորտային կապերի հայտարարված ապաշրջափակման՝ մեր երկրին վերաբերող ցանկացած միջոցառում պետք է իրականացվի Հայաստանի քաղաքացիների ու առաջին հերթին սահմանային բնակավայրերի բնակիչների ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների բարձր երաշխավորմամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման բարձրագույն մարմինների գործողությունների կամ որոշումների հիմքում պետք է լինի այն, թե որքանով է այդ գործողությամբ կամ որոշմամբ մեր երկրում ապահովվում իրավունքի գերակայությունը:

Սա իր հերթին նշանակում է Հայաստանում ապրող յուրաքանչյուր մարդու կյանքի, սեփականության ու մյուս բոլոր իրավունքների ամուր երաշխիքներ, բոլոր ռիսկերի ապահովագրմամբ դրանց լիարժեք պաշտպանություն իրական կյանքում: Սկզբունքային կարևորության հարց է այն, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի ու դրան հաջորդած՝ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարության դրույթների ցանկացած իրականացում պետք է պարտադիր հաշվի առնի, որ ադրբեջանական իշխանության բարձրագույն մարմինները Արցախում հայերի նկատմամբ իրականացրել են էթնիկ զտումների քաղաքականություն, ոչ միայն շարունակում են, այլ նաև օրեցօր խորացնում են հայատյացությունն ու թշնամանքի քարոզը, հայ ժողովրդի մասին խոսում են ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով:

Բացարձակ դատապարտելի է ՀՀ քաղաքացիների ուղղված բռնության սպառնալիքներով ու ահաբեկելու դիրքերից խոսելու կամ պահանջներ ներկայացնելու որևէ փորձ. դա ուղիղ ոտնահարում է մարդու իրավունքների միջազգային իրավունքը և կոպտորեն խախտում նրանց միջազգայնորեն ճանաչված ու ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները:

Այսքանով հանդերձ, եթե միջազգային ակտի որևէ դրույթ կարճաժամկետ կամ երկարաժամկետ հեռանկարում հանգեցնելու է Հայաստանի բնակիչների իրավունքները խախտող գործողությունների կամ որոշումների, ապա դրանք չեն կարող ունենալ որևէ իրավական ուժ, կխախտեն իրավունքի գերակայությունը ու հետևաբար նաև՝ ՀՀ Սահմանադրությունը: Սրանք մեր պետության պարտավորություններն են Հայաստանում ապրող յուրաքանչուր մարդու նկատմամբ, պարտավորություններ են, որոնք մեր պետությունը ստանձնել է մարդու իրավունքներ պաշտպանելու համար և որոնք ուղիղ հետևում են իր իսկ ստորագրած ու վավերացրած միջազգային պայմանագրերից»,- գրել է Թաթոյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ